Ժիրայր Ոսկանյանի և Միկա Բադալյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո քրգործ է նախաձեռնվել
Երևանի Թումանյան փողոցի ակումբներից մեկում լրագրող Ժիրայր Ոսկանյանի և բլոգեր Միկա Բադալյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ Ժիրայր Ոսկանյանը սոցցանցային իր էջերում տեսանյութ էր տարածել, որում նշել էր, որ միջադեպ է եղել ակումբում, իրեն վիրավորել են, քաշքշել, խլել հեռախոսը։ Ոսկանյանը ահազանգել էր ոստիկանություն։
«2024թ․ մայիսի 5-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ երեկոյան, Երևանի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում Միկա Բադալյանը և նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ձեռքերով անհարգալից ժեստ ցույց տվել, վերցրել հեռախոսը, որը որոշ ժամանակ անց վերադարձրել են, ինչպես նաև քաշքշել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանություն և ինքնիրավչությունը հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ժիրայր Ոսկանյանը ճանաչվել է տուժող։
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։