1,7 միլիարդ դրամանոց մրցույթը շահել է ՔՊ-ականների սիրելի «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն
Հայաստանում գործարար համաժողովների պակաս չկա. այս մասին տեղեկանում ենք Կառավարության ընդունած հերթական որոշումից, որով 2 միլիարդ 218 միլիոն դրամ, ապա նաև՝ 179 միլիոն դրամ է հատկացվել Երևանում գործարար համաժողով կազմակերպելու նպատակով։
Իսկ այս համաժողովը կազմակերպելու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ՔՊ-ական իշխանությունների համար մշտապես տարբեր միջոցառումներ կազմակերպող «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն. պայմանագրի արժեքը կազմում է 1 միլիարդ 799 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո 2018 թվականի մայիսին է ստեղծվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն։
Այս ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, 19 տոկոսը՝ Վազգեն Պողոսյանը. երկուսն էլ հաշվառված են նույն հասցեում։
Վազգեն Պողոսյանը մեկ անձից գնումներ իրականացնող «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի նախկին սեփականատերերից մեկն է, որը հետագայում՝դարձել է արդեն «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենը։
Պարզվում է, սակայն, որ 2 միլիարդ 218 հազար դրամը բավարար չէ այս համաժողովը կազմակերպելու համար։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել միջոցառման շրջանակներում ավելացնել մի շարք ծառայություններ, որը կազմում է շուրջ 179,000,000։
Այսպիսով՝ Կառավարությունը որոշում է կայացրել գործարար համաժողովի վերագնահատված ընդհանուր կազմակերպչական ծախսերն ավելացնել շուրջ 179,000,000 ՀՀ դրամով, թեև 2024թ. պետական բյուջեով նախատեսված էր այս միջոցառմանը հատկացնել 2,218,707,800 ՀՀ դրամ։

