Ցավալի է, որ երկրի փաստացի ղեկավարը չի տիրապետում այս դասագրքային տերմինաբանությանը. Վահե Դավթյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ում հարցազրույցի էր: Ինչպես ասում են՝ տեսախցիկից չես կարող թաքցնել ոչինչ: Նույնիսկ Պետրոս Ղազարյանի մեղմ ասած՝ զարմացած հայացքը դատարկաբանություններից, բառակույտից, որ լսում էր իր առջև նստած անձից:

Փաշինյանը ինչ-որ «լեգիտիմության» մասին էր խոսում, ասելով ՝ «Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է»:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այդ ձևակերպումներին.
«Լեգիտիմությունը բացառապես ներքաղաքական կատեգորիա է։ Այն սահմանում է հասարակություն-իշխանություն հարաբերությունները, հասարակության կողմից իշխանությունների աջակցության աստիճանը։
Լեգիտիմությունը չի կարող վերաբերել արտաքին հարաբերություններին։ Միջազգային հարաբերություններում դերակատարները հիմնվում են լեգալության սկզբունքի վրա` որպես կանոն հաշվի չառնելով` լեգիտիմ են այս կամ այն իշխանությունները, թե ոչ։ Եթե միջազգային հանրությունը չի ճանաչում այս կամ այն երկրի իշխանությունների լեգալ ծագումը (ինչպես Աֆղանստանում կամ Մալիում), ապա կամ չի համագործակցում դրանց հետ, կամ էլ անում է դա անուղղակի ճանապարհով։

Առավել ևս չի կարող լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինել միջպետական սահմանը, դրա գծումն ու զատումը։ Վերջիններս բացառապես իրավական տիրույթում գտնվող գործընթացներ են, այդ թվում` միջազգային իրավունքով կարգավորվող։

Կարդացեք նաև

Չի կարող այդ սահմանների վերաձևավորման կամ հստակեցման համար կիրառվելիք ուժը ունենալ լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ հիմքեր։

Ցավալի է, որ երկրի փաստացի ղեկավարը չի տիրապետում այս դասագրքային տերմինաբանությանը։

Իրականում այս բառախաղն իր բովանդակությամբ սեղանին թափված ջրի դարակազմիկ ակցիայից առանձնապես չի տարբերվում»։

Տեսանյութեր

Լրահոս