Բաժիններ՝

Ինչով ասես, որ մեր ոստիկանները չեն զբաղվում. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի բացօթյա ասուլիսի ժամանակ մեր թղթակիցը նկատել է, որ ոստիկանական համազգեստով մի երիտասարդ ուշադիր լսում է բանախոսին և գրառումներ կատարում իր նոթատետրում: Ճիշտ այնպես, ինչպես անում էին ասուլիսին ներկա մյուս բոլոր լրագրողները: Այլ կերպ ասած՝ ոստիկանության աշխատակիցը նաև լրագրող էր:

Մեր ոստիկանության այսպիսի բազմապրոֆիլությունը ուղղակի զարմացնում է: Ինչով ասես, որ մեր ոստիկանները չեն զբաղվում: Նրանք քաղաքացիական հագուստներով, տեսախցիկները ձեռքերին մտնում են մարդկանց մեջ ու նկարահանումներ են անում, այսինքն նաև օպերատորներ են: Նրանք քաղաքացիական հագուստներով գալիս են հանրահավաքների ու դառնում հանրահավաքի շարքային մասնակիցներ:

Անհրաժեշտության դեպքում նրանք քաղաքացիական հագուստներով մտնում են հանրահավաքի մասնակիցների մեջ ու պրովոկացիա սարքում, այսինքն դառնում են շարքային խուլիգաններ: Երբ մարդ է պետք նստացնել, նրանք ասում են, թե իրենց ծեծել են ու իրենք դառնում են շարքային տուժողներ: Երբ պետք է մարդու նկատմամբ չեղած մեղադրանք սարքել, նրանք դառնում են շարքային վկաներ:

Մի քանի շաբաթ առաջ Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության պետ Կարեն Գրիգորյանը մեր թղթակցին ներկայացել էր որպես Աշոտ Գալստյան անուն ազգանունով բիզնեսմեն, այսինքն նրանք նաև շարքային գործարարներ են…: Մի խոսքով, ինչ ուզես:

Միայն մի բան այնքան էլ լավ չի ստացվում: Երբ պետք է, որ նրանք դառնան ոստիկան, չափազանց կեղծ է ստացվում, կարելի է ասել ընդհանրապես չի ստացվում: Եթե ոստիկանները փորձեն կեղծ լրագրող, օպերատոր, տուժող, վկա, բիզնեսմեն չխաղալ, գուցե այդ ժամանակ դառնան ոստիկան: Փորձեք, գուցե ստացվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս