ՀՀԿ-ն արտահերթ նիստ կհրավիրի. մամուլ
«Իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Նիստը, ինչպես երեկ հայտնի է դարձել մեր թղթակցին, պլանավորվում է այս ուրբաթ օրը։ Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հասցնի այն կազմակերպել անգամ հինգշաբթի օրը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ նախօրեին զանգահարել է ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին և նրանց փոխանցել իրենց հեղինակած հայտարարության այն նախագիծը, որը դառնալու է արտահերթ նիստի քննարկման առարկան։
Նախագիծը դեռ չի հրապարակվել, այդուհանդերձ, մեր թղթակցին հաջողվել է պարզել, որ դրա բովանդակությունը հետևյալն է՝ մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը։
Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին։ Ըստ մեր տեղեկությունների, որևէ այլ ուժ ՀՀԿ-ի նախագծի տակ չի ստորագրելու, բացի ՀՀԿ-ականներից և ՕԵԿ-ից»։