Գվարդիոլան Բավարիան կդարձնի լավագույնը Եվրոպայում. Տոնի
«Բավարիայից» առաջարկ ստանալով՝ Խոսեպ Գվարդիոլան կապ է հաստատել իր նախկին թիմակից Լուկա Տոնիի հետ:
Պեպ Գվարդիոլան և Լուկա Տոնին միասին հանդես են եկել «Բրեշիայում» 2001-2003 թվականներին: Տոնին դեռ շարունակում է իր խաղային կարիերան «Ֆիորենտինայում», իսկ Գվարդիոլան արդեն հասցրել է դառնալ աշխարհի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը:
Իտալացի հարձակվողը հանդես է եկել «Բավարիայում» 2007-2010 թվականներին, իսկ ամռանը Մյունխեն կմեկնի կատալոնացի մարզիչը: Մինչ «Բավարիայի» առաջարկն ընդունելը Պեպը խորհրդակցել է Լուկայի հետ:
«Նա զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպիսին են պայմանները Մյունխենում, և ինչպիսին էր ակումբը, երբ ես խաղում էի «Բավարիայի» կազմում: Ես արդեն այն ժամանակ հասկացա, որ նա կմիանա «Բավարիային»:
«Բավարիան» ֆանտաստիկ ակումբ է: Պեպի որոշումը միանալ «Բավարիային» իսկապես հրաշալի ընտրություն է և՛ նրա, և՛ ակումբի համար: Այժմ «Բավարիայի» մոտ աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Կարծում եմ, որ Գվարդիոլան «Բավարիան» կդարձնի Եվրոպայի լավագույն թիմը մի քանի տարի անց», – ասել է Տոնին TZ-ին տված հարցազրույցի ժամանակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը