ՀՀԿ զավակաշատ ցուցակը. մամուլ
«Արդեն հրապարակվել են Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությանը մասնակցող ուժերի համամասնական ցուցակները: Հայտնի է, որ ամենամեծ ցուցակը` 195 հոգի 65 տեղի համար, ներկայացրել է ՀՀԿ-ն: ՀՀԿ ցուցակն աչքի է ընկնում հայտնի ՀՀԿ-ականների զավակների առատությամբ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.
«13-րդ համարը Գրիգոր Արայի Մինասյանն է՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի, Սերժ Սարգսյանի խնամու կրտսեր որդին:
35-րդ. Դավիթ Մհերի Սեդրակյան: Չի աշխատում, հանրապետական, «ծնոտասեր» Մհեր Սեդրակյանի որդին:
63-րդ. Անուշ Աշոտի Նավասարդյան: Դպրոցի տնօրեն, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի դուստրը:
42-րդ. Արման Էդուարդի Մադաթյան: ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնի պետ: Նախկին պատգամավոր և նախարար, ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանի որդին, հանրապետական, «ծնոտասեր» Մհեր Սեդրակյանի փեսան:
55-րդ. Արամ Աշոտի Աղաբաբյան: «Հրազդան կենտրոնական մարզադահլիճ» ՓԲԸ-ի 1-ին փոխտնօրեն: Հանրապետական Աշոտ Աղաբաբյանի որդին:
68-րդ: Արման Արայի Բաբլոյան: «Արաբկիր» բժշկական համալիր «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի տնօրեն: Հանրապետական պատգամավոր Արա Բաբլոյանի որդին:
89-րդ: Մեսրոպ Գևորգի Մանուկյան: ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնական: Մանվել Գրիգորյանը և նրա հարազատներն Արմավիրի մարզի գրանցում ունեն և չեն կարող դառնալ Երևանի ավագանու անդամ:
Եվ վերջապես. հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ 2005-ին դարձավ Ավան համայնքի ղեկավար, 2009-ին՝ քաղաքապետի առաջին տեղակալ, 2011-ին՝ քաղաքապետ:
Դատելով այս ցուցակից, ՀՀԿ-ում տարեցները դեմ են ոչ թե երիտասարդներին, այլ այն երիտասարդներին, որոնք դուրս են իրենց վերահսկողությունից»: