Բաժիններ՝

Կամերայինը` Պոլիտեխնիկի տարածքում

Երևանի կամերային պետական թատրոնը հավելյալ շինություն կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի` Պոլիտեխնիկի բակում: Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կրթության և գիտության նախարարության ներկայացրած նախագիծը, որով 250 քմ  մակերեսով հողամասը բուհից վերցվում է և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով  տրվում թատրոնին:

168.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն ասաց, որ թատրոնի ներկայիս տարածքը բավական սահմանափակ էր, և օժանդակ որևէ հարմարություն չունեին: Նա նշեց, որ տրվող տարածքում կառուցվելու է շենք, որտեղ կլինի փորձասենյակը, կարի, դեկորացիաների արհեստանոցները, դիմահարդարման սենյակ, և այլն, այսինքն` թատրոնը մասամբ է այստեղ տեղափոխվել:   Նշենք, որ թատրոնը ներկայումս տեղակայված է բնակելի շենքի առաջին հարկում: Հարցին, թե արդյոք բնակիչների կողմից բողոքներ չկա՞ն, և ցանկալի չէ՞ր լինի` առհասարակ թատրոնն ունենար առանձին շենք, Արա Երնջակյանը պատասխանեց, թե բողոքներ չեն ստացել  շենքի բնակիչների կողմից, քանի որ նրանք սիրում են Կամերային թատրոնը: «Իհարկե ցանկալի կլիներ, որ թատրոնն առանձին, սեփական շենքն ունենար` նորմալ պայմաններով, բայց դրա մասին ես նույնիսկ չեմ հանդգնում երազել»,- ասաց Արա Երնջակյանը: Նա նշեց, որ ճարտարապետական բարդ լուծումներով շենք չեն ցանկանում կառուցել, այնպես որ, հնարավոր է` մինչև տարվա վերջ այն ավարտեն:

Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավարի` մոտավոր հաշվարկներով, շենքը հնարավոր է կառուցել մոտ 200 հազար դոլարով: Այս հարցում Արա Երնջակյանը պետության աջակցությունը չի ակնկալում և հույս ունի, որ երեսուն տարի իրենց հավատարիմ մնացած հանդիսատեսը կօգնի այս հարցում: «Թատրոնի միջոցներն, իհարկե,  բավարար չեն, բայց ես հույս ունեմ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր մեր ընկերներն են  և կօգնեն մեզ»,- ասաց Արա Երնջակյանը: Տարիներ շարունակ հավելյալ տարածքի խնդիրը թատրոնի համար առաջնային է եղել, սակայն միայն հիմա հնարավոր եղավ հարցը կարգավորել:

Արա Երնջակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք պրոբլեմի լուծման հարցում դեր չի՞ խաղացել այն հանգամանքը, որ ինքը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է (ի դեպ,  նա ընդգրկված է նաև 2013թ. մայիսի  5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի համամասնական ցուցակում): «Բացարձակ ոչ մի կապ չի ունեցել»,- պնդեց Արա Երնջակյանը: Թատրոնին տրված հավելյալ տարածքի հարցում նա չի ժխտում միայն մեկ կապ. գաղտնիք չէ, որ  Արա Երնջակյանն ավարտել է հենց Պոլիտեխնիկը և տարածքի գոյության մասին վաղուց գիտեր:

Այս  հատկացումից դժգոհ չէր նաև ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: 168.am-ի հետ զրույցում նա  նշեց, որ  հին կցակառույցներով տարածքը վաղուց չէր օգտագործում, և այս ծրագիրն իրենց շահերից էլ էր բխում:  «Ծրագրով նախատեսվում է նաև վերակառուցել մեր թիվ 6 մասնաշենքը: Այնպես որ,  օգտակար ծրագիր է»,- նշեց ռեկտորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս