Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին

Հայաստանի կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերների հետ մշակում է ռազմավարություն, որը կսահմանի, թե կառավարությունը մասնավոր ընկերություններում ինչ մասնակցություն պետք է ունենա, և դա ինչ նպատակ է հետապնդում:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ կապված կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, «Լիդիան Արմենիա»-ում, «ՄՏՍ Արմենիա»-ում բաժնետոմսեր ստանալու և պետության ու երկրի ներդրումային միջավայրի առումով հնարավոր ռիսկերի հետ, երբ կառավարությունն այս կամ այն մասնավոր ընկերությունում ունենում է մասնաբաժին, բաժնետոմս:

Նախարարը նշեց, որ այդ հարցին պատասխանելու համար ներկայում մի աշխատանք են կատարում Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերների հետ: «Սահմանում ենք, թե Հայաստանը ինչպիսի մասնակցություն պետք է ունենա մասնավոր ընկերություններում, որն է այն ռազմավարությունը, որ մենք պետք է ունենանք պետական ձեռնարկություններ ունենալու մեջ: Սա ոչ միայն կվերաբերի վերոնշյալին, այլ ընդհանրապես, թե մենք որտեղ ենք ուզում մասնակցություն ունենալ և այդ մասնակցությունն ինչ նպատակ է հետապնդում: Այս հարցին պետք է պատասխանենք: Մինչև հիմա նման պատասխան ռազմավարական առումով ձևակերպված չէ»,-ասաց նախարարը:

Հովհաննիսյանը հավելեց՝ մատնանշված ընկերություններն ինչ-որ առումով Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող կազմակերպություններ են:

«Կարող է լինել տրամաբանություն, որ ռազմավարական կարևորություն ունեցող ընկերություններում պետությունն ունենա ներկայացվածություն: Այլ հարց է, որ նույնիսկ այդ մասնակցությունը չունենալով հանդերձ՝ պետությունը ռազմավարական կարևորություն ունեցող ընկերությունների նկատմամբ ունի հատուկ կարգավորումներ, հատուկ ազդեցություն իրականացնելու հնարավորություն՝ նույնիսկ առանց փայատեր լինելու»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի՝ իր մատնանշած ռազմավարության ընդունումից հետո կլինի նաև ռազմավարություն՝ դուրս գալու այն ընկերություններից, որոնք չեն համարվի ռազմավարական կարևորություն ունեցող: «Եթե հանգենք այն եզրակացության, որ մենք դեռ պետք է ավելի մեծ մասնակցություն ունենանք այս կամ այն ոլորտում, ապա կարող են նաև այդպիսի քայլեր ձեռնարկվել այդպիսի ընկերություններում ավելի մեծ մասնաբաժին ձեռք բերելու ուղղությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ դեռ չկան ձևակերպված ռազմավարական նպատակներ և ընդհանուր ընկալում:

Նախարարը համաձայնեց այն մտքին, որ, եթե հանրությունը կամ ներդրողները տեղյակ չեն, թե ինչպես է տեղի ունենում ամեն ինչ, կարող են ներդրումային միջավայրի հետ կապված խնդիրներ առաջանալ: Ուստի, Հովհաննիսյանը զգուշավորության կարիք է տեսնում այս հարցում:

«Բայց վստահեցնում եմ ձեզ, որ պետական «ռեկետով» չենք զբաղվում, որևէ մեկից որևէ բան չենք խլում»,-շեշտեց նախարարը:

Նա ընդգծեց՝ նախատեսվող ռազմավարությանը համահունչ պետք է գործեն, հանրությունն էլ պետք է տեղյակ լինի, թե այս կամ այն գործողությունը կառավարությունն ինչու է իրականացնում:

2023 թվականի փետրվարին հայտարարվել էր, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

2021 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը:

«ՄՏՍ-Հայաստանը»-ը վերջերս հայտնեց, որ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառվել են Կիպոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ» ընկերությանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նոր բաժնետերը մտադիր է բաժնետոմսերի 20 տոկոսն անհատույց փոխանցել Հայաստանի կառավարությանը։

Տեսանյութեր

Լրահոս