Ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր են բացահայտել
Հունվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձինք Ողջաբերդ գյուղում կրակել են իր որսորդական շների վրա:
Դեպքի վայր ոստիկանության Գառնիի բաժանմունքից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ անհայտ անձը կրակել էր որսորդական երկու շների վրա, ինչի արդյունքում շներից մեկը սատկել էր:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված արարքը կատարել է Ողջաբերդ գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք 12 մմ տրամաչափի որսորդական երկփողանի հրացանը:
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հաջորդ դեպքը գրանցվել է հունվարի 29-ի գիշերը:
Արտաշատ քաղաքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները նկատել են, որ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից տարածքում մի երիտասարդ փորձել է խեղդամահ անել շանը: Պարեկների կողմից կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը կանխվել է, իսկ Արևաբույր գյուղի 33-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Երկու դեպքում էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: