Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա տարածաշրջանում խաղաղության հասնելու համար
Հայաստանն ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար, բայց Ադրբեջանը այդ առումով այդքան էլ աչքի չի ընկնում։ Այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Չեխիայի խորհրդարանի ղեկավար Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Գտնում եմ, որ ոչ միայն Չեխիան, այլ նաև բոլոր մեր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում, որովհետև Հայաստանը բազմաթիվ անգամ շեշտել է, որ պատրաստ է և ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար, բայց մենք տեսնում ենք, որ մեր հարևան երկիրն այդ առումով այդքան էլ աչքի չի ընկնում։ Եվ միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են այդ խաղաղությունը հաստատելու տապալմանը»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է Չեխիան աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։
ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է տարբեր միջազգային հարթակներում առաջարկվող հանդիպումներից և տպավորություն ունի, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում։
«Քաղաքական կամքի առկայության պարագայում, ես չեմ տեսնում որևիցե պատճառ, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանն այն բոլոր սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցվել են Պրահայում։ Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է գալ համաձայնության, ունենալ հայտարարություն, որը արվել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից, և մինչ օրս այդ հիմնարար սկզբունքների հիման վրա չունենալ խաղաղության համաձայնագիր»,- ընդգծեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը խաղաղության հաստատման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ։
«Երկրորդ կարծիք չկա, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, և տարածաշրջանում մենք առնվազն առաջատար ենք և շարունակելու ենք այդ ուղղությամբ քայլերը։ Մենք ունենք նաև մեր գործընկերների աջակցության կարիքն ավելի խորացնելու այդ ուղղությունը։ Կարծում ենք, որ մենք կհաջողենք թե՛ խաղաղության, թե՛ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ մեր քայլերում»,- եզրափակեց Սիմոնյանը։