«Գրել են, թե իբր նախարար ժամանակ ասել են ֆաքսը եկել է, ասել եմ` ֆաքսին սուրճ հյուրասիրեք»

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հերքում են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե մարզպետը պաշտոնանկ կարվի և նրա փոխարեն կնշանակվի պատգամավորը:

Էդիկ Բարսեղյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այդ մասին իմացել է լրատվամիջովներից, նման հարց չի քննարկվել կուսակցությունում, իրեն որևէ բան չեն ասել: Հարցին, թե պատրա՞ստ եք պաշտոնանկության, նա պատասխանել է, որ այդ պաշտոնն իր տնից չի բերել և ինքը չի դա որոշում, այլ հանրապետության նախագահը, կառավարությունը և վարչապետը:

Իսկ պատգամավոր Մուրադ Մուրադյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ընդհանրապես նման բան չկա, իր մասին նման կեղծ լուրեր տարածելու պատվեր են տալիս սրիկաները և սողունները: Ըստ որում` պատգամավորը շեշտել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իր մասին սուտ լուրեր են տարածվում: «Գրեցին բիզնեսներ ունեմ, հրաժարվում եմ, ի՞նչ բիզնեսից եմ հրաժարվում, հիմարի նմա՞ն եմ` բիզնես ունենամ, հրաժարվեմ: Գրեցին բենզալցակայան ունեմ, ո՞ւր է բենզալցակայանը, գոնե տվեք,գրեք: Գրել են, թե իբր նախարար ժամանակ ասել են ֆաքսը եկել է, ասել եմ` ֆաքսին սուրճ հյուրասիրեք, ապուշություն, ինչ ստորություն: Նախ, իրեն հարգող նախարարը ոչ մեկին ընդունարանում սուրճ չի հյուրասիրի, եթե մտերիմ է, ուզում ես հյուրասիրես, նախ ընդունարանում խի՞ ես հյուրասիրում իրեն: Էն օրն էլ գրել են, թե իբր հայտարարագրում 85 միլիոն ունեմ, սեփական ավտո չունեմ»,- մասնավորապես նշել է նա:

Իսկ թե որ սրիկաները և սողուններն են իր դեմ նման պատվերներ տալիս, ապա պատգամավորը նրանց գիտի, քանի որ չի կարող ապացուցել, դրա համար չի բարձրաձայնում, «բայց մի օր դրանց գլուխը ջարդելու է, սաղին պիտի պատասխանատվության ենթարկել օրենքի առաջ»: Նա ենթադրում է, որ իր դեմ պատվերներ են տալիս իր թշնամիները, «շատերը վառված են»:

Խոսելով իր և Կառավարության խնդիրների մասին` պատգամավորն ասել է, որ չի թաքցնում իր հակասությունը Կառավարության հետ, պատերի տակ չի խոսում, իրականում իր խնդիրը վարչապետի հետ է, իսկ կառավարության շատ անդամների հետ ջերմ, նորմալ հարաբերությունների մեջ է: «Իրենք լավ գիտեն իմ վերաբերմունքը իրենց նկատմամբ, վարչապետի նկատմամբ»,- ասել է Մուրադ Մուրադյանը:

Տեսանյութեր

Լրահոս