Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:
Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը՝ նշելով, որ այս իրադարձությունը համընկել է թանգարանի հիմնադրման 9-ամյակի հետ:
«Կոմիտասի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում գրանցումը շատ պարտավորեցնող է: Սա հնարավոր է եղել թանգարանի, ԿԳՄՍ նախարարության և ԱԳ նախարարության հետ 7-8 տարվա մեծ աշխատանքի և համագործակցության շնորհիվ»,-ասաց Կոստանդյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան նշեց, որ նմանատիպ գործընթացները պահանջում են տևական և հետևողական աշխատանք՝ տարբեր գերատեսչությունների ընդգրկմամբ:
«Հուսով եմ, որ սա կլինի լավ առիթ, որպեսզի մենք ինքներս ևս մեկ անգամ վերաարժևորենք և իմաստավորենք այն ժառանգությունը, որ ունենք»,-ասաց նա:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով այս կարևոր իրադարձության կապակցությամբ, ընդգծեց, որ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ցանկում և աշխարհով մեկ մեծ շուքով նշվեց այն:
«Ուզում եմ նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների, գրադարանների և արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պահպանմանն ու տարածմանը»,-նշեց Վահան Կոստանյանը:
Թանգարան-ինստիտուտում քաղաքացիներն արդեն հնարավորություն կունենան Կոմիտասի աշխատասենյակը տեսնել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ VR ցուցադրությամբ: Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Կ.Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը, ֆիսհարմոնը և անձնական այլ իրեր: Ամբողջ ընթացքում հնչում է նաև Կոմիտասի ձայնը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, նշեց՝ շատ ուրախալի է, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը միանալու է այն թանգարանների շարքին, որոնք, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, հնարավորություն են տալու այցելուներին՝ հատկապես երեխաներին, բոլորովին նորովի բացահայտել Կոմիտասի աշխատասենյակը:
«Եվ վստահ եմ, որ սա հատկապես մեր երեխաների համար անկրկնելի փորձառություն կլինի, երբ տեսնեն, օրինակ, այն ստեղները, որոնց վրա նվագել է Կոմիտաս վարդապետը»,-նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Թանգարանի հոբելյանի կապակցությամբ հանրությանը ներկայացվեց նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը: