Եմենի հութիները հայտնել են Ադենի ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը գրոհելու մասին
Եմենի հութի խռովարարները հայտնել են, որ հունվարի 28-ի երեկոյան հրթիռ են արձակել Ադենի ծոցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբավորման ներկայացուցիչ Յահյա Սարին:
«Մենք հականավային հրթիռ ենք արձակել՝ թիրախավորելով ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Lewis B. Puller նավը, երբ այն նավարկում էր Ադենի ծոցում», – Սարիի հայտարարությունից հատված է մեջբերում China Daily պարբերականը։
Եմենի հութիների ներկայացուցիչը հայտնել է, որ նավի առաքելություններից մեկն է լոգիստիկ աջակցություն ցուցաբերել ԱՄՆ ռազմածովային ուժերին, որոնք «ներգրավված են մեր երկրի դեմ ագրեսիայում»։
2023 թ․ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը հասել է 26 700-ի։
Գազայի հատվածում պատերազմի ընթացքում Մերձավոր Արևելքի մի շարք խմբավորումներ ակտիվացրել են գրոհները Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերի նկատմամբ: Եմենի հութի խռովարարներն իրենց հերթին սկսել են գնդակոծել Կարմիր ծովում գտնվող նավերը։ Այդ հարձակումներին ի պատասխան՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին մի քանի անգամ հարվածել են Եմենում հութիների օբյեկտներին։
Զինված «Անսար Ալլահ» ապստամբական խմբավորումը, որի անդամներին կոչվում են նաև հութիներ, ներկայում վերահսկում են Եմենի զգալի մասը, ներառյալ՝ մայրաքաղաք Սանան, ինչպես նաև երկրի հյուսիսային և արևմտյան առանձին տարածքներ, որոնք ընկած են Սաուդյան Արաբիայի մերձակայքում: