Լավրովը չի կարծում, թե ԱՄՆ-ն կկարողանա փոփոխության ենթարկել Մոնտրյոյի կոնվենցիան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կիրառման հարցում Թուրքիայի հետ համատեղ աշխատելու ԱՄՆ-ի ցանկության մասին հարցին։
Այդ մասին հայտնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լավրովը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն չի կարողանա ազդել Մոնտրյոյի կոնվենցիայում ամրագրված դրույթների կիրառման վրա։
«Մեր թուրք գործընկերները մեզ բազմիցս ասել են, որ որպես Մոնտրյոյի կոնվենցիայի ժառանգության պահապաններ՝ խստորեն առաջնորդվելու են դրա դրույթներով: Լլոյդ Օսթինը (Պենտագոնի ղեկավար.-խմբ) վերադարձավ աշխատանքի, հավանաբար հենց այդ պատճառով էլ նրանք այժմ այդքան ակտիվ են: Ոչ, չեմ կարծում, որ նրանց կհաջողվի»,- ասել է Լավրովը։
ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը հայտարարել էր, որ հակամարտությունից խուսափելու համար Վաշինգտոնը կարող է համագործակցել Սև ծովի ափի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։
«Թուրքիան իրականացրել է Մոնտրյոյի կոնվենցիայի համապատասխան հոդվածները, որոնց պահառուն ինքն է», – ասել էր նա։
Վոլանդերի հայտարարությունները մեկնաբանվել են որպես վկայություն այն բանի, որ Միացյալ Նահանգները ցանկանում է դադարեցնել կամ փոփոխել Մոնտրյոյի կոնվենցիան: