Բաժիններ՝

Հութիները հայտարարել են ամերիկյան մի քանի ռազմանավեր գնդակոծելու մասին

Եմենի հութիները հայտարարել են ԱՄՆ-ի մի քանի ռազմանավերի հետ բախվելու մասին․ այդ ռազմանավերը փորձել են պաշտպանել ամերիկյան երկու առևտրային նավերն Ադենի ծոցում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքը։

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ մարտի ժամանակ ուղղակիորեն խոցվել է ԱՄՆ ռազմանավը, իսկ երկու առևտրային նավերն ստիպված են եղել «նահանջել ու վերադառնալ»։

«Մեր բալիստիկ հրթիռներից մի քանիսը խոցել են իրենց թիրախները, չնայած դրանք կալանելու՝ ռազմանավերի փորձերին», – ասվում է հութիների հայտարարության մեջ:

Սա հակասում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարությանը, որում ասվում է, որ հութիների կողմից իրենց նավերի ուղղությամբ արձակված երեք հրթիռներից ոչ մեկը չի խոցել թիրախը:

«Մեկ հրթիռ ընկել է ծովը, մյուս երկու հրթիռները հաջողությամբ կալանվել և խոցվել են ամերիկյան USS Gravely (DDG 107) նավի կողմից», – հաղորդում է հրամանատարությունը։

Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։ Խռովարար շարժումը հայտարարել էր, որ կթիրախավորի Իսրայելի հետ կապված նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեն։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031