Իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը, և բոլորիս համոզել, որ այս 29 800 քառակուսի կմ-ն այն առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել. Ավետիք Չալաբյան
«ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Սիրելի բարեկամներ,
Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին շրջանում հետևողաբար իրականացնում է տարբեր նախաձեռնություններ՝ արժեզրկելու մեր ազգային ինքնությունը և տարբեր ազգային հաստատությունները։ Այս տրամաբանությամբ է այն շրջանառության մեջ դրել աղմուկ հանած և մասնագետների կողմից կտրուկ հակազդեցության առաջացրած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, հանրակրթական ծրագրից հանել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, փորձում է այժմ ապօրինի ճանապարհներով կազմալուծել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և նորարական «Գոյ» թատրոնը, և այլն։
Այս պարսավելի ցանկին այժմ ավելացել է հերթական հակազգային նախաձեռնությունը՝ «Հայոց պատմություն» առարկան փոխարինելու «Հայաստանի պատմություն» առարկայով։ Անփորձ աչքի համար տարբերությունը մեծ չի թվում, բայց իրականում այն հսկայական է՝ Հայոց պատմությունը ընդգրկում է մեր ազգի պատմությունը Հայկ նահապետից սկսած մինչև Ուրարտու, հայկական բոլոր թագավորությունները, ներառյալ Կիլիկիայի փառահեղ թագավորությունը, հայկական սփյուռքի բազմադարյա բեղուն պատմությունը, և շատ ավելին, այն դեպքում, երբ Հայաստանը իր ներկա տեսքով ձևավորվել է ընդամենը վերջին երկու հարուրամյակների ընթացքում՝ հիմնականում Հայոց ցեղասպանության և մեր ազգի հայրենազրկման արդյունքում, և մեր ազգի պատմության շատ փոքր հատվածն է։
Գործող իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը, և բոլորիս համոզել, որ այս 29 800 քառակուսի կմ-ն այն առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել ներկայում և ապագայում։ Այժմ այս անհեթեթ օրենքի նախագիծը դրված է կառավարության e-draft կայքում՝ իր ոճին համաձայն, գործող իշխանությունը փորձում է տեսանելիություն ստեղծել, թե այն անցնում է ժողովրդավարական ընթացակարգի միջոցով, և հանրային աջակցություն ունի։
Երեկ ես արդեն դեմ եմ քվեարկել այս նախաձեռնությանը, ինչպես և իմ մի շարք ընկերներ, և ցանկանում եմ խնդրել բոլորին, ովքեր անտարբեր չեն մեր ազգի անցյալի և ապագայի նկատմամբ, ևս մտնել այս կայքը, գրանցվել և դեմ քվեարկել այս հերթական հակազգային դրսևորմանը։ Կայքում կարելի է նաև մեկնաբանություն թողնել՝ ըստ գործող օրենսդրության, նախագիծ ներկայացնողը պարտավոր է դրանց պաշտոնապես անդրադառնալ, ուստի մի ափսոսացեք ձեր ժամանակն ու ջանքը, և նաև մեկնաբանություններ թողեք կայքում։ Հղումը կցում եմ, և կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր արձագանքների համար»։