Նիկոլի տրիումֆալ մուտքը ԵԺԿ՝ Արմեն Աշոտյանին շալակած. Aravot.am

Առավոտ էր։ Ստրասբուրգի լուսապայծառ առավոտներից մեկը։ Գործընկերս, ԵՄ պաշտոնյա, կծեց իր կրուասանն ու ասաց՝ «Նիկոլը անցնում է բոլոր կարմիր գծերը։ Շատ դժվար է լինելու շարունակել աչք փակել ձեր երկրում քաղաքական բանտարկյալների հարցի ու հատկապես Աշոտյանի քեյսի վրա»։ Ես կծեցի իմ կրուասանն ու պատասխանեցի՝ «Նիկոլը շատ վաղուց է անցել բոլոր կարմիր գծերն ու եթե իմ ընկերոջը, որը ձեր իսկ ընդունած «քաղբանտարկյալ» ձեւակերպման բոլոր հինգ կետերով մաքուր քաղբանտարկյալ է, բան պատահի՝ ես ձեզ գցելու եմ Իլ գետը»։ Հայաստանում քաղաքական բանտարկյալների, լրատվամիջոցների հանդեպ հարուցված անհեթեթ քրեական գործերի, սոցիալական ցանցերում գրառումների համար հետապնդումների հարցը սկսել է լրջորեն անհանգստացնել միջազգային կառույցներին, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում միայն ժողովրդավարության ֆեյք փարոս էին տեսնում։ Եվ Նիկոլի գեոպոլիտիկ ֆլիրտներն ու Moulin Rouge-ի հետնամասում կանգնող ծտերի քաղաքական կարմիր չուլկիների լուքով սեթեւեթանքներն այլեւս առաջվա մոգական ազդեցությունը չունեն։ Արմեն Աշոտյանի քեյսի մասով, որտեղ քաղաքական ջրերից բացի, ոչինչ չկա, մեզանով զբաղվող միջազգային հարթակներում արդեն մտահոգության ակնհայտ ազդակներ կան։ Հատկապես՝ «փողերի լվացման» իդիոտ հոդվածը հենց նիկոլական իրավապահ համակարգի կողմից չեղարկելը, տուժողի օրինական իրավահաջորդ տիկնոջ տանջանքներից հետո, ով դատական բոլոր նիստերին աղերսում է իրենց զրկել «տուժող» տիտղոսից, մարդու իրավունքներով զբաղվող եվրոկառույցները շատ լավ հասկանում են, որ ՀՀԿ փոխնախագահի գործը Եվրոպական դատարանում դառնալու է նաեւ իրենց ամոթը։

Իհարկե, ՔՊ-ն հասցրել է իր տարբեր պաշտոնյա ուսապարկերի միջոցով այս կառույցներին շանտաժ անել, որ եթե ձայն հանեք, չի բացառվում, որ մեր խիստ էմոցիոնալ վարչապետը ձեզ մեղադրի «խավիարակիր» լինելու մեջ, չնայած՝ մեր դեպքում երեւի ուրիշ պրոդուկտ ընտրվի, սակայն Աշոտյանի գործը սկսում է դառնալ նիկոլական իշխանության խայտառակության լակմուսի թղթերից ամենա-անծամելին եւ քպ-ական շանտաժները չեն աշխատում։

ԵԺԿ ճանապարհին

Պարզվում է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու քաղաքական օրակարգ ունի։ Այն կուսակցության, որի լիիրավ անդամ ՀՀԿ փոխնախագահին շուտով արդեն ութ ամիս քաղաքական կալանքի տակ է պահում՝ անտեսելով ԵԺԿ բազմաթիվ հայտարարություններն ու բանաձեւերը՝ դադարեցնել Աշոտյանի հանդեպ քաղաքական հետապնդումն ու անհապաղ ազատ արձակել նրան։ Ու նման կալիբրի քաղկալանավոր շալակած՝ Նիկոլի կուսակցությունն ուզում է խցկվել ԵԺԿ։ Անկեղծ, դժվար եմ պատկերացնում Նիկոլի տրիումֆալ մուտքը ԵԺԿ՝ Արմեն Աշոտյանին շալակած։ Ի դեպ, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է՝ այս հարցում հստակ կոնսեսուս կա նաեւ հանրապետության առաջին, երկրորդ եւ, բնականաբար, երրորդ նախագահների թիմերում ու սա շատ լուրջ ազդակ է եվրոկառույցների համար, որոնք հասկանում են, արդեն հասկանում են, որ չեն կարողանալու շարունակել իրենց եվրոհավկուրությունը։ Ուստի՝ Նիկոլի եվրոքարտբլանշը շագրենի կաշվի նման սրընթաց կրճատվում է, եւ Արմեն Աշոտյան քաղբանտարկյալի հարցը, այլեւս ակնհայտ է, որ մնալու է գեոպոլիտիկ շպագատի Վոլոչկովա Նիկոլի իշխանության կոկորդին։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Քաղաքական գործիչ

«Առավոտ» օրաթերթ

23.01.2024

Տեսանյութեր

Լրահոս