Իրանում ձերբակալել են 5 ծառայակիցներին սպանած զինվորին
Իրանում իր հինգ ծառայակիցներին սպանած զինվորին ձերբակալել են երկրի հարավ-արևելյան Քերմանի նահանգում։ Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։
«Այդ մարդը ձերբակալվել է Զերենդ քաղաքից ոչ հեռու», – մեջբերում է գործակալությունը հարավարևելյան ռազմական շտաբի հրամանատար Ամիր Ղոլամալիանի խոսքը։
Ավելի վաղ IRNA-ն հաղորդել էր հունվարի 21-ին զինվորականի կողմից իր հինգ ծառայակիցների սպանության մասին։
«Ցերեկը ժամը 16:35-ին զինվորներից մեկը, որը գտնվել է պահակակետում, մտել է զորանոց և կրակ բացել իր ծառայակիցների վրա։ Հինգ զինծառայողներ զոհվել են», – ասել է Ղոլամալիանը։
Նրա խոսքով՝ կրակողի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Կատարվում է հետաքննություն: