Սյունիքում մերկասառույցի պատճառով բախվել են իրանական բեռնատարն ու Mitsubishi Grandis-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 328 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և իրանական համարանիշերով Scania մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկներն ու Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարները:
Դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատի ավտոմեքենան նույնպես հայտնվել է մերկասառույցի մեջ ու բախվել արդեն վթարված իրանական համարանիշներով բեռնատարին:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վրավորների ինքնությունը: