Բաժիններ՝

Բելառուսը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ պրագմատիկ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին

Բելառուսը պատրաստ է ռազմական ոլորտում համագործակցության ցանկացած պետության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը:

«Թարմացված ռազմական դոկտրինան կարող է հիմք հանդիսանալ Եվրոպայում իրադրության կարգավորման, խաղաղ երկխոսություն սկսելու համար: Դրանով մենք նախ և առաջ ցույց տվեցինք Բելառուսի Հանրապետության շահագրգռվածությունը՝ վերականգնելու անվտանգության հարցերով այնպիսի միջազգային կազմակերպությունների ազդեցությունը, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և մյուսները, շահագրգռվածությունը նրանց արդյունավետ գործունեությամբ՝ զինված բախումները կանխելու և կարգավորելու գործում», – Խրենինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ դոկտրինայի նախագծում ասվում է, որ Բելառուսը բաց է ցանկացած պետության հետ ռազմական ոլորտում համագործակցության համար։

«Այդ թվում նաև՝ ՆԱՏՕ-ի պետությունների. մենք պատրաստ ենք վերսկսելու պրագմատիկ երկխոսությունը` նրանց կողմից ագրեսիվ հռետորաբանությունը և մեր նկատմամբ գործողությունները դադարեցնելու պայմանով», – ընդգծել է նախարարը։

Հունվարի 16-ին Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է երկրի նոր ռազմական դոկտրինայի նախագիծը, որի արդյունքներով որոշվել է լրամշակել փաստաթուղթը և հետագայում այն ներկայացնել Համաբելառուսական ժողովրդական ժողովի հաստատմանը, որը տեղի կունենա ապրիլին։

Պաշտպանության նախարար Խրենինը հայտնել է, որ նորացված ռազմական դոկտրինայի նախագծում հստակ ամրագրվել են այն երկրները, որոնցից սպառնալիքներ են բխում, ռազմական անվտանգության ներքին ու արտաքին սպառնալիքների շրջանակը, հանրապետության դաշնակցային պարտավորությունները և նրա դիրքորոշումը մարտավարական միջուկային զենքի կիրառման հարցում, ինչպես նաև բարելավվել են հակամարտությունների տեսակների դասակարգումը (դրանք բաժանվել են միջպետականի ու միջկոալիցիոնի) և դրանց հակազդելու միջոցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս