Հութիները հարվածներ են հասցրել ամերիկյան նավի ուղղությամբ
ԱՄՆ-ն հայտարարել է Եմենի հութի խռովարարների կողմից ամերիկյան լցանավի վրա երկու հականավային բալիստիկ հրթիռի արձակման մասին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ի ուշ երեկոյան՝ տեղի ժամանակով 21։00-ի մոտակայքում։
«Իրանի աջակցությունը վայելող հութի ահաբեկիչները երկու հականավային բալիստիկ հրթիռ են արձակել «M/V Chem Ranger»-ի՝ Մարշալյան կղզիների դրոշի տակ նավարկող, ԱՄՆ-ի սեփականությունը հանդիսացող, Հունաստանի կողմից շահագործվող լցանավի վրա», – գրված է հաղորդագրությունում։
Հրթիռներն ընկել են ջուրը։ Վիրավորներ չկան, նավը չի վնասվել։
Reuters-ը նշում է, որ հութիներն իրենց հերթին պատասխանատվություն են ստանձնել այս հարձակման համար։
Առևտրային նավերի վրա հութիների հարձակումների պատճառով մի շարք խոշոր փոխադրող ընկերություններ դադարեցրել են Կարմիր ծովով նավարկությունները՝ ինչը դանդաղեցնում է Ասիայի և Եվրոպայի միջև առևտուրը, նաև ավելացնում ծախսերը։
Հութիները հայտնել են, որ կշարունակեն հարձակումները, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
ԱՄՆ-ն անցյալ շաբաթից Եմենում հութիների մի շարք թիրախների է հարվածել, իսկ այս շաբաթ նրանց նորից սկսել է դասել «ահաբեկչական խմբավորումների» շարքը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հութիներին հարվածները կշարունակվեն՝ չնայած դրանք չեն կանգնեցնում նրանց։
«Դրանք կանգնեցնո՞ւմ են հութիներին։ Ո՛չ։ Դրանք կշարունակվե՞ն։ Այո՛», – ասել է Բայդենը լրագրողներին իր ինքնաթիռում։