Սուքիասյաններն ու վրացի գործարարները Հայաստանի վառելիքի շուկայում նոր ընկերություն են հիմնում. «Հետք»
«Հետքը» գրում է. «2023 թվականի նոյեմբերի 29-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի ունեցած նոր գործարքի մասին։ Նշված երկու ընկերությունների միավորմամբ ստեղծված ընկերությունը պետք է գործի Gulf ապրանքային նշանի ներքո։
«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Այդ ընկերությունը մտնում է «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբի մեջ, որի սեփականատերը Սուքիասյան ընտանիքն է։ Ինչ վերաբերում է «Անիս Փետրոլեում»-ին, ապա այս ընկերության արմատները հասնում են մինչև Բրիտանական Վիրջինյան կղզիներ, որը օֆշորային գոտի է։ Այս ընկերության հետևում էլ վրացի գործարարներ են։
Ինչպես Սուքիասյանները հայտնվեցին Հայաստանի նավթամթերքի շուկայում
Նավթամթերքի շուկա Սուքիասյանների մուտքի մասին հայտնի դարձավ 2021 թվականին։ Այդ մասին հաղորդեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան-Օյլ» ընկերությունը։ Հետագայում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունից պարզ դարձավ, որ «Ռան-Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2022 թվականի ապրիլի 29-ից պատկանում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին։
Այս ընկերությունն էլ հիմնադրվել է 2020թ․ փետրվարի 7-ին և տարբեր ժամանակահատվածներում տարբեր բաժնետերեր է ունեցել, որոնց մեծ մասը հիմնականում հենց Սուքիասյանների շրջապատից է։ Օրինակ՝ «Մեգա Թրեյդի» 15 տոկոս բաժնեմասի սեփականատեր Հակոբ Ալեքսանյանը 20 տոկոս բաժնեմաս ունի նաև Սուքիասյաններին փոխկապակցված մեկ այլ ընկերությունում՝ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում։ «Մեգա Թրեյդ»-ի 20 տոկոս բաժնեմասի սեփականատեր Գարեգին Մկրտչյանը 2022 թվականին Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ծառուկյանից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանը, որի 45 տոկոսը պատկանում է Արամայիս Գրիգորյանին, մնացած 20 տոկոսն էլ՝ ծագումով իրանցի Արաշ Նոսրաթիալամդարիին։
Նավթամթերքի շուկայում հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է ներկայացնում «Ռան-Օյլ» ապրանքանիշը, քանի որ բենզալցակայաններում տպվում է «Մեգա Թրեյդ»-ի ՀԴՄ կտրոնը։ «Ռան-Օյլ»-ը ձեռք բերելուց հետո «Մեգա Թրեյդ»-ն ակտիվորեն ներգրավվել է նաև պետական գնումներում և մի քանի անգամ խոշոր պայմանագրեր կնքել պետական գերատեսչությունների հետ։
Ովքեր են Սուքիասյանների բիզնես գործընկերները և ինչ կապ են ունեցել «Ռոսնեֆտի» հետ
Մինչև «Մեգա Թրեյդի» հետ համագործակցությունը «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ն նախկինում ևս փորձել է մուտք գործել Հայաստանի վառելիքի շուկա։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվել էր 2021-ի տարեվերջին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այն ժամանակ ազդարարել էր Հայաստանի նավթամթերքի շուկա նոր խաղացողի մուտք գործելու մասին։ Մասնավորապես, ըստ Գևորգյանի հայտարարության՝ «Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ընկերությունները վրացական կապիտալով էին, հանդիսանում էին Gulf ապրանքային նշանի իրավատերը: Սակայն, ինչպես տեսնում ենք, Գևորգյանի հայտարարությունից միայն երկու տարի անց վրացական կապիտալով այդ ընկերությունները նոր-նոր փորձ են անում մտնել շուկա, այն էլ՝ իշխող կուսակցության գործարար-պատգամավորի հովանու ներքո։
«Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թվականի մայիսի 6-ին։ Ըստ ընկերության իրական շահառուների հայտարարագրի՝ ՍՊԸ-ում 53,1 տոկոս անուղղակի մասնակցություն ունի Վրաստանի քաղաքացի Իվանե Նակաիձեն, իսկ 38,1 տոկոս անուղղակի մասնակցություն՝ Շվեդիայի քաղաքացի, ծագումով վրացի գործարար Դավիդ Յակոբիշվիլին։
Ընկերության ուղղակի սեփականատերը Կիպրոսում գրանցված «Պորիմա Լիմիթեդ» ընկերությունն է։ Այն իր հերթին պատկանում է Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորում գրանցված Petrocas Energy Limited ընկերությանը, որը պատկանել է Դավիդ Յակոբիշվիլիին։ 2014 թվականի դեկտեմբերին ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտը» Յակոբիշիվիլիից ձեռք բերեց ընկերության 49 տոկոս բաժնետոմսերը։ Գործարքի արժեքը կազմել էր 144 միլիոն եվրո։ 8 տարվա համագործակցությունից հետո Յակոբիշվիլիի և «Ռոսնեֆտի» ճանապարհները բաժանվեցին։ 2022 թվականի մայիսին Petrocas Energy Group-ը հայտնեց, որ «Ռոսնեֆտը» վաճառել է իր բաժնետոմսերը։ Ռուսական նավթային հսկային պատկանող 49 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերեց Petrocas Energy Group-ի գլխավոր տնօրեն Իվանե Նակաիձեն։
Petrocas Energy Group-ը զբաղվում է նավթամթերքի փոխադրումներով՝ դեպի Վրաստան, Կասպյան ավազան, Կենտրոնական Ասիա և Աֆղանստան։ Ընկերությանն է պատկանում նաև Gulf Georgia-ն, որը Վրաստանի ամբողջ տարածքում ունի 150 բենզալցակայան, որոնցից 47-ը՝ մայրաքաղաք Թբիլիսիում։
Ինչ կապեր են ունեցել Յակոբիշվիլին և Նակաիձեն վրացի գործարար-պաշտոնյաների հետ
Շվեդիայի քաղաքացի հանդիսացող Դավիդ Յակոբիշվիլին բիզնես համագործակցության փորձ է ունեցել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Коммерсантъ-ի տեղեկություններով՝ 2012 թվականի մարտին Իվանիշվիլիին պատկանող Стойленская нива ագրոարդյունաբերական ընկերությունը Յակոբշվիլիի Русагропроект ընկերությունից ձեռք է բերել հացի մի քանի գործարան։ Յակոբիշվիլին հետագայում հաստատել էր այս գործարքը, սակայն դրա արժեքի մասին մանրամասներ չէր հայտնել։
Յակոբիշվիլին ու Վանո Նակաիձեն բիզնես համագործակցություն են ունեցել նաև Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, Վրաստանում հայտնի գործարար, այժմ մի քանի քրեական գործերով անցնող Դավիթ Կեզերաշվիլիի հետ։
Մասնավորապես, ըստ Transparency International Georgia-ի՝ Յակոբիշվիլիին 2011 թվականից սկսած եղել է Կեզերաշվիլիի բիզնես-գործընկերը նրան պատկանող էներգետիկ ընկերություններում։
Ինչ վերաբերում է Նակաիձեի և Կեզերաշվիլիի համագործակցությանը, ապա 2022 թվականին վրացական «Կվիրա» գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Կեզերաշվիլիին և Նակաիձեին պատկանող նավը ռուսական նավթ է տեղափոխել Բաթումիի նավահանգիստ։ Մեկնաբանելով այդ լուրը՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նշել էր, թե Կեզերաշվիլին այդ ամենը կազմակերպել է՝ իբրև թե ցույց տալու, որ Վրաստանը օգնում է Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում։
Ներկայում Իվանե Նակաիձեն Gulf Georgia-ի անունից ակտիվորեն համագործակցում է Վրաստանի պետական գերատեսչությունների հետ և ընկերության սոցիալական պատասխանատվության շրջանակներում մի շարք ծրագրեր իրականացնում։ Օրինակ՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ կնքած հուշագրով՝ ընկերությունը Վրաստանում սովորող առաջին կուրսի ուսանողներին, որոնք աչքի են ընկել առաջադիմությամբ, 300 լարի կրթաթոշակ է տրամադրել։
Երբ են սկսել համագործակցել Սուքիասյաններն ու վրացիները
Վերադառնալով Հայաստան՝ նշենք, որ Սուքիասյաններին պատկանող «Մեգա Թրեյդ» և վրացի գործարարներին պատկանող «Անիս Փետրոլեում» ընկերությունների համակենտրոնացմամբ ստեղծվող իրավաբանական անձը, որի մասին ասվում էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրությունում, դեռևս չի հիմնադրվել։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն այս պահին էլ Հայաստանի նավթամթերքի շուկայում շարունակում է ներկայացնել «Ռան-Օյլ» ապրանքանիշը։
Սակայն սա վրացի գործարարների և Սուքիասյանների համագործակցության առաջին դեպքը չէ։ «Սիվիլնեթը» գրել էր, որ «Մեգա Թրեյդ»-ը 2022-ի տարեվերջին ձեռք է բերել Սուրենավանի բիտումի գործարանը։ Գործարքը կատարվել էր ոչ թե «Մեգա Թրեյդ»-ի միջոցով, այլ «Մեգա Թրեյդ»-ին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մեգա Փրոդաքշն»-ի միջոցով։ 2021թ․ մայիսի 6-ին հիմնված այս ընկերությունը հիմնադրման պահին ունեցել է «Պորիմա Էներջի Սոլյուշնս» անվանումը և մինչև 2022թ․ հոկտեմբերի 12-ը պատկանել է կիպրական «Պորիմա Լիմիթեդին»։ Այդ օրվանից ընկերության 100 տոկոս բաժնեմասն անցել է «Մեգա Թրեյդին» և դարձել «Մեգա Փրոդաքշն»։
Այսինքն՝ կարելի է ասել, որ Սուքիասյանների և վրացի գործարարներ Դավիթ Յակոբիշվիլիի և Իվանե Նակաիձեի միջև համագործակցությունը մեկնարկել է շատ ավելի վաղ, քան հայտարարել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը»։