Բալասանյանները հույսը չեն կորցնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-«Բալասանյան դաշինք» ապահարզանից հաշվված օրեր անց, ինչպես հայտնի է, իշխանությունն իրեն բնորոշ մանրախնդրությամբ Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Բալասանյանին, ով սեպտեմբերին էր Իրաքում դեսպան նշանակվել:

Անցած տարեվերջին ՔՊ-ն որոշեց համայնքային իշխանությունը խլել նաեւ Գյումրիում` կոալիցիան լուծարեցին, փոխքաղաքապետներն ու մյուս ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականներ տվեցին։ Գյումրու կառավարումն ամբողջությամբ մնաց «Բալասանյան դաշինքին», որի առաջ պայման են դրել` հրաժարվել եւ իրենց փոխանցել իշխանությունը Գյումրիում:

Միսակ Բալասանյանը, մեր տեղեկություններով, մտերիմներին ասել է, որ իշխանությունն իր առաջ պայման է դրել` «կա՛մ դեսպանի պաշտոնը, կա՛մ Գյումրին», ինքն ընտրել է Գյումրին եւ վերադարձել Հայաստան: Սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն որոշել է «ե՛ւ դեսպանի պաշտոնը, ե՛ւ Գյումրին» խլել Բալասանյաններից: ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն օրերս ԱԺ-ում ամբիոնից ընթերցում էր, թե ինչեր է արել կառավարությունը Գյումրիում` որքան գումար է տրամադրել: Բայց Բալասանյանների թիմը հույսը չի կտրում, որ համաձայնության կգա Փաշինյանի հետ:

Մեզ ասացին, որ այս օրերին քաղաքապետարանը քրտնաջան աշխատում է, որ իր աշխատանքից դժգոհելու որեւէ առիթ կենտրոնական իշխանությունը չունենա` քաղաքի մայթերից հեռացնում են չթույլատրված տաղավարները, թափով շարունակում են անավարտ ծրագրերը եւ այլն։ Բայց թերագնահատում են այս իշխանություններին` կարծելով, թե նրանց լավ աշխատանքն է հետաքրքրում: Ոչ` նրանց հետաքրքրում է, որ ասպարեզից հեռացնեն Գյումրիում ձայներ ունեցող ուժին` Բալասանյաններին, որ առաջիկա ընտրություններում նրա հետ համաձայնության գնալու անհրաժեշտություն չլինի»:

Տեսանյութեր

Լրահոս