Հմայակ Հովհաննիսյանի գործով ապացույցներից մեկը Aravot.am-ի հրապարակումն էր
Aravot.am-ի հաղորդմամբ՝ Ժամը 9.30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունք տալ իր դեմ հարուցված քրեական գործով:
Հրաժարվել է՝ պահանջելով ապացույցների հետազոտում, որից հետո պարտավորվել է ցուցմունք տալ: Մեղադրող Վ. Մուրադյանը ներկայացրել է ապացույցները, մասնավորապես՝ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի միջին ծանրության վնասվածք ստանալու, նրա ձախ ձեռքի 3 և 5-րդ մատերի կոտրվածքի կապակցությամբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Երկրորդ ապացույցը Aravot.am-ի «Սա քաղաքական հալածանք է» հրապարակումն է եղել, որը Սենիկ Ջուլհակյանը ներկայացրել էր Ոստիկանության Կենտրոնականի բաժին և 2012թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ էլ այդ հրապարակումը ճանաչվել էր ապացույց:
Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Գ. Գուլքանյանը հայտարարել է, որ չի հետազոտվել ամփոփագիրը, որ չեն դատակոչվել դատարան կարևորագույն վկաները: Նա պահանջել է, որպեսզի դատարան կանչվի Կենտրոնի ոստիկանության հերթապահ մասի պետի օգնական Մկրտչյանը և դատաբժշկական փորձագետը, քանի որ, ըստ նրա, փորձագետի տված եզրակացությունը անորոշ և անհասկանալի է: Դատավոր Գագիկ Պողոսյանը փորձել է ճշտել, թե անորոշ ու անհասկանալի ասելով ի՞նչը նկատի ունի պաշտպանը, իսկ պաշտպանն էլ ասել է, որ փորձագետը չի պատասխանել թե Սենիկ Ջուլհակյանի ձեռքի վնասվածքը դռանը կպնելո՞ւ հետևանքով է եղել, թե՞ ընկնելու:
Դատարանը մերժել է փորձագետին դատարան կանչելու միջնորդությունը, իսկ մինչ այդ, երբ դատախազը առարկել է միջնորդության դեմ՝ փաստաբանին հորդորելով ուսումնասիրել ՀՀ քրեական օրենսգրքի 252 հոդվածով սահմանված «փորձագետին հրավիրելու, հարցաքննելու» հատկանիշները մասը, Գ. Գուլքանյանը հայտարարել է. «Մեղադրողը թող հեգնանքով չարտահայտվի: Իմ ցերեկվա քշածը իր գիշերվա զադնին է»:
Դատախազը փորձել է հորդորել, որ փորձագետը իրեն էթիկայի կանոններում պահի: Դատարանը ընդմիջում է հայտարարել մինչև կրքերը հանդարտվեն: