Կարապետ Ռուբինյան. «Նախկին երեք նախագահների օրինակով պետք է արձանագրենք, որ նախագահական կառավարման փորձն անհաջող է եղել» (տեսանյութ)
«Խորհրդարանական համակարգի դեպքում ցանկացած նախարարի թեկնածությունը քննարկվում է ԱԺ-ում, ոսկորները մի լավ լվանում են՝ ով է, ում բարեկամն է, կինն ու զոքանչն ո՞վ են, և նոր նշանակում են պաշտոնում»,- Ազատության հրապարակում մեկնարկած թվով երրորդ հասարակական ֆորումի ժամանակ հայտարարեց նախկին ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանը՝ անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու իր առաջարկին:
Նա նկատեց, որ նախկինում՝ դեռևս 90-91թթ., զուտ խորհրդարանական կառավարում մեր երկրում եղել է: Եվ ընդհանուր ընդունված կարծիք է, որ այդ տարիների Գերագույն խորհուրդն՝ իր կազմով, ընդունած օրենքներով, լավագույնն է եղել մեր երկրի խորհրդարանների պատմության մեջ, և պատահական չէ, որ այդ ժամանակ էլ դրվել են այս երկրի հիմքերը: Հենց այդ տարիներին էլ, ըստ Կ. Ռուբինյանի, սկսվեցին քննարկումները, թե կառավարման ի՞նչ համակարգ պետք է նախընտրել Հայաստանի համար, ինչի արդյունքում գերիշխող կարծրատիպերը բերեցին նրան, որ ընտրվեց նախագահական, ավելի շուտ՝ կիսանախագահական կառավարման ձևը:
«Ինչո՞ւ է կիսանախագահական, որովհետև Սահմանադրությամբ նախատեսվում է, որ երկրի ղեկավարը նախագահն է, բայց եթե հանկարծ այնպիսի դեպք պատահի, որ խորհրդարանում մեծամասնություն կազմի ընդդիմությունը, երկրի ղեկավարի իրավասությունները խիստ նվազում են, ու Ազգային ժողովի դերը մեծանում է: Այդպիսի բան չեղավ մեր երկրում: Մի անգամ մի այդպիսի դրվագ եղավ, ինչն ավարտվեց «Հոկտեմբերի 27»-ով»,- նշեց նա:
Կարապետ Ռուբինյանն ասաց, որ նախկին երեք նախագահների օրինակով պետք է արձանագրենք, որ նախագահական կառավարման փորձն անհաջող է եղել՝ ի տարբերություն խորհրդարանական ղեկավարման, թեպետև՝ կարճ, բայց հաջողված փորձի: «Նայելով նախկին երեք նախագահներին՝ նրանք որևէ օպտիմիզմ չեն ներշնչում, որ պետք է նախագահական համակարգով շարժվել: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, թեպետ ունեցել ենք ձեռքբերումներ, բայց եղավ մի կոպիտ սխալ, որ ինքն էլ ընդունեց ու հինգ տարի առաջ ներողություն խնդրեց մեզանից, այն, որ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Հայաստան է բերել: Բայց խնդիրն անձերի մեջ չէր. այդ ժամանակ ո՞վ կմտածեր, որ նման որակներ ձեռք կբերեն: Այս կոպիտ սխալը մի թեթև վերլուծեմ այլ առումով: Մինչ այդ մենք վարում էին քաղաքականություն, որ Ղարաբաղն անկախացել է, ու մենք էլ, ըստ էության, ընդունում էինք անկախությունը: Ռոբերտ Քոչարյանը, լինելով Ղարաբաղի նախագահ, համաձայնություն տվեց, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ նրան բերեց-նշանակեց մի այլ երկրի վարչապետ: Արդյոք սա չեղա՞վ, որ Ռոբերտ Քոչարյանի ապաշնորհ քաղաքականությամբ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, և մինչև հիմա վիճակը չի ուղղվում: Սա օրինակ է, երբ նախագահը միանձնյա վճիռներ է կայացնում: Որքան էլ նախագահը խելոք լինի՝ մեծ է սխալվելու հավանականությունը, երբ մենակ է որոշում: Ռոբերտ Քոչարյանը կոպիտ խախտումներով դարձավ այս երկրի ոչ բարով նախագահ, ու պարզվեց, որ ոչ թե արդյունավետ պետություն է ուզում կառուցել, ինչի մասին հայտարարում էր, այլ ցանկանում է այս երկրի ամենահարուստ մարդը լինել: Հինգ տարի է անցել, բայց «Ֆորբսի» տվյալներով՝ մեր երկրի ամենահարուստ մարդն է, ու ինչի՞ հաշվին, եթե ոչ՝ թալանի հաշվին: Նույնը Սերժ Սարգսյանը չէ՞»,- մասնավորեցրեց նա: