Ինքնին «նոնսենս» է, երբ գործադիր իշխանության ղեկավարը ֆեյսբուքյան էջում կիսվում է դատական իշխանության պատրաստած ֆիլմով, դրանից էլ բխեցնում, որ «գնում ենք ճիշտ ճանապարհով. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Չալարեցի, դիտեցի «ֆիլմը», որ հրապարակել է ԲԴԽ՝ դատական համակարգի վերաբերյալ, եւ որով կիսվել էր գործադիր իշխանության ղեկավարը:

Ինքնին «նոնսենս» է, երբ գործադիր իշխանության ղեկավարը ֆեյսբուքյան էջում կիսվում է դատական իշխանության պատրաստած ֆիլմով, դրանից էլ բխեցնում, որ «գնում ենք ճիշտ ճանապարհով: Հիշեցնեմ, որ գործադիր եւ դատական իշխանությունները ունեն իրենց ուրույն, միմյանցից անկախ ճանապարհները, ինչն էլ հենց առնվազն անտուրաժի մակարդակում պահանջում է, որ գործադիր իշխանության ղեկավարը չկիսվի դատական իշխանության պատրաստած ֆիլմով՝ մի բան էլ դրանից բխեցնի «ճիշտ ճանապարհի» եզրակացություն:

Եթե իհարկե գործաադիր իշխանության ղեկավարը նկատի չունի այն, որ «գնում ենք նախընտրական ճիշտ ճանապարհով»: Որովհետեւ հրապարակված ֆիլմը գործնականում ոչ թե արդարադատության անկախ համակարգի, դատական անկախ իշխանության ձեւավորման մասին էր, այլ ըստ էության Հայաստանում ներքաղաքական պահանջվածծ օրակարգային թեմաների՝ ապօրինի գույք, կոռուպցիա, դրանց հետ կապված դատական գործեր եւ այլն:

Դրանք այն պահանջված թեմաներն են, որ ապահովում են ներկայիս քաղաքական ղեկավարության սոցիալական «հիմնասյունը»:

Ես ամենեւին չեմ նսեցմացնում կամ նվազեցնում կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը, բայց արդարադատության, անկախ դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կյանքում ամենեւին չի սահմանափակվում դրանով, ու անգամ չի էլ սկսում դրանից: Դատական անկախ համակարգի, անկախ արդարադատության պետական առաքելությունը կոռուպցիայի դեմ պայքարը չէ: Դրա համար կա դատախազություն, քննչական կառույցներ, հակակոռուպցիոն կոմիտե:

Անկախ դատական համակարգի պետական նշանակությունը ոչ թե քաղաքացիա-սոցիալական տարատեսակ «ծարավները» հագեցնելն է, այլ՝ իմ սուբյեկտիվ գնահատմամբ, ԻՐԱՎՈՒՆՔԸ քաղաքացիների համար գործիք, մտածողություն, արժեք դարձնելն է: Հենց այդ հանգամանքն է երկրում հիմնավորապես փոխում մթնոլորտ, ձեւավորում այն միջավայրը, որտեղ կոռուպցիան իրեն մեղմ ասած խոցելի է զգում դեռ «բարուրում»»:

Տեսանյութեր

Լրահոս