ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենում հուսիների օբյեկտներին
Միացյալ Նահանգները հունվարի լույս 13-ի գիշերը նոր հարվածներ է հասցրել Եմենի տարածքում հուսիների դիրքերին: Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները հաստատել է Պենտագոնը:
Արաբական լրատվամիջոցների տվյալներով՝ Եմենի մայրաքաղաք Սանայում և Հոդեյդա քաղաքում մի շարք ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել:
Ամերիկյան «CNN» հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդում է, որ Վաշինգտոնը միակողմանի կարգով ավելի փոքր մասշտաբի լրացուցիչ հարվածներ է հասցրել, քան նախորդ գիշերը։ Պենտագոնում հստակեցրել են, որ թիրախը եղել է հուսիների կողմից օգտագործվող ռադարային սարքը։ Հարվածն իրականացվել է «Tomahawk» հրթիռներով, իսկ ներկայիս հարձակումը հունվարի 12-ին հասցված հարվածների շարունակությունն է և պետք է «նվազեցնի հուսիների՝ ծովային նավերի վրա հարձակվելու ունակությունը»,-նշել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում:
Ավելի վաղ՝ հունվարի 12-ի գիշերը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Նիդեռլանդների, Կանադայի, Ավստրալիայի և Բահրեյնի աջակցությամբ զանգվածային հարվածներ են հասցրել Եմենում հուսիների օբյեկտներին: Նպատակների թվում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշել է ռադարային կայանները, պահեստներն ու անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների արձակման հարթակները և հուսիների հրամանատարական կենտրոնները: