Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հարվածներ են հասցրել հութիների ռազմական օբյեկտներին

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան օդից և ծովից հարվածներ են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Կարմիր ծովում նավերի վրա հութիների կազմակերպած հարձակումների։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում չի վարանի հետագա քայլեր ձեռնարկել:

«Այս թիրախային հարվածները հստակ ուղերձ են, որ Միացյալ Նահանգները և մեր գործընկերները չեն հանդուրժի հարձակումները մեր անձնակազմի վրա կամ թույլ չեն տա, որ թշնամական դերակատարները վտանգի ենթարկեն նավարկության ազատությունը», – ասել է Բայդենը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նախնական նշաններն այն մասին են, որ առևտրային նավարկությանը սպառնալու հութիների կարողությունը խաթարվել է։

Գործակալությունը գրում է, որ հութիներին աջակցող Իրանը խստորեն դատապարտել է հարձակումները, իսկ հութիների խոսնակն ասել է, որ հարձակումները ոչ մի արդարացում չունեն, և որ խմբավորումը կշարունակի թիրախավորել դեպի Իսրայել մեկնող նավերը:

Ռուսաստանի իր հերթին հայտարարել է, որ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին թեմայի շուրջ հրատապ նիստ հրավիրելու հարցով։

Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների միջոցով իրենց աջակցությունն են հայտնում պաղեստինցիներին և ՀԱՄԱՍ-ին՝ Իսրայելի հետ հակամարտությունում։

Ականատեսները Reuters-ին հայտնել են, որ ռմբակոծությունների թիրախ են դարձել Սանայի օդանավակայանի հարևանությամբ գտնվող ռազմաբազան, Թաիզ օդանավակայանի մոտ գտնվող ռազմական տեղամասը, Հոդեյդայում հութիների ռազմածովային բազան և Հաջջա նահանգում գտնվող ռազմական օբյեկտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս