ՄԱԿ-ի դատարանը սկսել է Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայցի լսումները
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հունվարի 11-ին սկսել է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի շուրջ լսումները՝ կապված Գազայի հատվածում ցեղասպանության մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:
Լսումները կանցկացվեն հունվարի 11-12-ը։
Հունվարի 11-ին հանդես կգա Հարավաֆրիկյան պատվիրակությունը, որը բաղկացած է ավելի քան 20 անձից: Այն գլխավորում է Հարավաֆրիկյան Հանրապետության արդարադատության և ուղղիչ հաստատությունների նախարար Ռոնալդ Լամոլան։
Նիստերին ներկայացված է 15 դատավորներից բաղկացած դատական կոլեգիան:
Նիստին ներկա է նաեւ իսրայելական մեծաթիվ պատվիրակությունը, որին խոսքի հնարավորություն կտրվի հունվարի 12-ին։
Դեկտեմբերի 29-ին ՀԱՀ-ը Գազայի հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ Իսրայելի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան`դատարանին կոչ անելով ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Իսրայելի իշխանությունների նկատմամբ:
ՀԱՀ-ը նշել է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Ցեղասպանության կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների խախտում են: