Գեղարքունիքում Volkswagen-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. մեքենայից դուրս հայտնաբերել են ՊՆ ծառայողի դին
Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում և կա զոհ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ՓԾ թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են տղամարդու դի:
Դին հայտնաբերվել է վթարված Volkswagen մակնիշի ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ դրսում՝ բերանքսիվայր վիճակում:
Տեղում պարզել են, որ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող էր, ինչի համար էլ վթարի մասին Ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության գլխավոր բաժին:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 34-ամյա Նարեկ Գ.-ն է: