Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով
Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 9-ի դատավճռով՝ մասնակի բավարարվել է Դատախազության պահանջը (դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում), և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված) անձը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ լիազորությունները կասեցված դատավորին մեղադրանք էր ներկայացվել այն հանցանքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (լիազորությունները կասեցված), Մ.Մ.-ի միջոցով, վերջինիս ազգական Ս.Մ.-ից խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մասնավորապես, լիազորությունները կասեցված դատավորը խոստացել է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով կարող է հասնել նոր հայցադիմում ներկայացնելու ճանապարհով՝ հօգուտ Ս.Մ.-ի դատական ակտ կայացնելուն. այդ պատրվակով՝ խաբեությամբ պահանջել է 20 հազար ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ լիազորությունները կասեցված դատավորն ի սկզբանե՝ մինչև գումարը ստանալը, տեղեկացված է եղել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքերը բացակայում են:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: