Էստոնիայի վարչապետը խոստացել է առաջիկա չորս տարում Կիև ուղարկել երկրի ՀՆԱ-ի 0,25 տոկոսը
Առաջիկա չորս տարում Էստոնիան Կիևին ռազմական օգնություն կտրամադրի երկրի համախառն ներքին արդյունքի 0,25 տոկոսի չափով: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
«Եթե յուրաքանչյուր երկիր ներդնի 0,25-ական տոկոս, ապա դա այն է, ինչը պետք է Ուկրաինային»,- Էստոնիայի կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերել է ERR հեռուստառադիոհեռարձակման հարթակը։
Կալլասը կոչ է արել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրներին և մյուս պետություններին հետևել այս օրինակին։
Նա հավելել է, որ 2022 թվականից ի վեր Էստոնիան Ուկրաինային տրամադրել է գրեթե 500 միլիոն եվրո գումարի ռազմական օգնություն։
Նրա խոսքով՝ հետագա տարիներին Էստոնիան տարեկան 14 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համատեղ գործողությունների համար։