Գագիկ Բեգլարյանը չի՞ վերանշանակվի նախարարի պաշտոնում. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով, հնարավոր է, որ ապրիլի 9-ից հետո կազմավորվող նոր կառավարության կազմում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգրկված չլինի»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Բանն այն է, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին նա և՛ լավ չի աշխատել, և՛ «կիկսեր» է թույլ տվել: Նախ՝ Երևանի Կենտրոնի այն տեղամասերում, որտեղ ստանձնել էր ընտրությունների պատասխանատվությունը, չի կարողացել ՀՀԿ թեկնածուի համար ցանկալի քանակությամբ ձայներ ապահովել: Միաժամանակ, անձամբ իր կողմից վերահսկվող տարածքում նրա ազդեցության տակ գտնվող անձինք հարազատ եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի մասնակցությամբ խոչընդոտել էին լրագրողների, այդ թվում՝ «Ժամանակի» լրագրողի աշխատանքը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, Բեգլարյանն ամեն ինչ արել է, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակն ինքը գլխավորի և կրկին դառնա Երևանի քաղաքապետ, բայց Սերժ Սարգսյանը, փաստորեն, մերժեց նրան՝ ներկայացնելով գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը»: