Ռուբեն Հայրապետյանի պատասխանը՝ ՖԱՖ-ին
Սիրելի հայրենակիցներ և Հայաստանի ազգային հավաքայանի երկրպագուներ
Իհարկե, ես չէի արձագանքի ՖԱՖ-ի հայտարարությանը, եթե չլիներ նրանց զրպարտանքը այն մասին, որ, իբրև թե, փակվել է արևելյան տրիբունան և արհեստական խոչընդոտներ է ստեղծվում: Իրականում արևելյան տրիբունան միշտ էլ տրամադրվել է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին և հիմա էլ տրամադրվելու է Հայաստանի հավաքականի երկրպագուներին, այլ ոչ թե Իտալիայի հավաքականի երկրպագուներին: Ինչ վերաբերվում է տոմսերի խոչընդոտներին,առաջին իսկ օրվանից, բացի արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածից, մնացած հատվածները վաճառվել և վաճառվում են: Ինչ մնում է ՖԱՖ-ի դժգոհությանը, եթե մեկ անգամ էլ Իտալիայի հավաքականի հետ խաղանք Հայաստանում, խոստանում եմ այդ տեղը հատկացնել իրենց մի պայմանով, եթե խոսք տան, որ իրենք իրար չեն ծեծելու: Իսկ թե ինչի համար են իրար ծեծում, ես կարծում եմ` իրենք կունենան ազնվություն, որպեսզի ասեն: Եվ ուզում եմ ավելացնելով դիմել ՖԱՖ-ի ղեկավար կազմին. ՀՖՖ-ն ձեզ տոմս չի հատկացրել, ես եմ անձամբ հատկացրել և ցանկացել եմ, որ դուք միշտ լինեք ազնիվ ֆուտբոլային երկրպագուներ: Ցավում եմ, որ դա չգնահատեցիք և զբաղվեցիք ինքնագովազդով: Իհարկե, ձեր մեջ կան շատ ազնիվ երկրպագուներ, բայց, ցավոք սրտի, փոքրամասնությունը հաղթեց մեծամասնությանը:
ՀՖՖ նախագահ`Ռուբեն Հայրապետյան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը