Փաստաբանը միջնորդել է արդարացնել Սամսոն Ղազարյանին
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, կայացված մեղադրական դատավճռի:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ս.Ղազարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը, վերաքննիչ դատարանին միջնորդել են բեկանել դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ:
Առաջին ատյանի դատարանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամին ու նախկին պատգամավորին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ հաստատված համարելով ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու այդ հոդվածով դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Դատարանը միաժամանակ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, վերաորակել էր նույն հոդվածի 1-ին կետով և այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատել՝ կիրառելով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունված համաներման մասին որոշումը:
Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված էր համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը և միջնորդել ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը, հակառակը, գտնում էր, որ մեղադրանքն անհիմն է, ուստի միջնորդել էր կայացնել արդարացման դատավճիռ: