Գանձապահի և ԱԱԾ աշխատակցի գործը կքննի հատուկ քննչական ծառայությունը (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 16-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 15-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին Երևանի Արմենակյան փողոցի բնակիչ, 35-ամյա Կարեն Նազարյանը, վարելով «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի 600 ԼՍ 03 համարանիշի ավտոմեքենան, բախվել էր Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Սողոմոնյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 14 ՕՍ 622 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Ֆոլցվագեն»-ների վարորդներն ու «Ֆոլցվագեն Գոլֆ»-ի ուղևոր, 34-ամյա Արսեն Պողոսյանը և «Ֆոլցվագեն Վենտո»-ի ուղևոր Հայկ Սևոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վարորդներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Կ. Նազարյանը աշխատում է «Բեկոր» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես գանձապահ, իսկ Վ. Սողոմոնյանը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:

Տեսանյութեր

Լրահոս