Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ե՞րբ կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է «Երեկ ուշ երեկոյան, Ազատության հրապարակ այցելեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նրան առաջարկեց զրուցել իր ծածկի տակ: «Մենք VIP սալոն պիտի մտնենք»,- դիմելով ժողովրդին ասաց նա և «Րաֆֆի նախագահ» վանկարկումների և ծափողջույնների ներքո Աժ նախագահին ուղեկցեց ծածկի տակ:

Նրանք մոտ 20 րոպե առանձնազրույց ունեցան, որից հետո Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին՝ Սերժ Սարգսյանը այցելելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանին, Աբրահամյանը պատասխանեց. «Ես որևէ բան չգիտեմ»: Սակայն դիտարկմանը, թե Հովհաննիսյանը կոնկրետ առաջարկների է սպասում իշխանությունների կողմից, Աբրահամյանն ի՞նչ առաջարկներ է արել, նա այսպես պատասխանեց. «Թող սպասի, որովհետև այդ առաջարկությունը պետք է լինի մեր թիմի ղեկավարի, բոլորիս կողմից: Խորհրդակցելու ենք և փորձելու ենք առաջարկություններ անել»:

Այսպիսով, Աժ նախագահը թափանցիկ ակնարկ արեց, որ Սերժ Սարգսյանն անձամբ է այցելելու Հովհաննիսյանին և անձամբ է առաջարկությունները ներկայացնելու: «Ես ուզում եմ, որ դուք հավատաք, որ մենք ամեն ինչ անելու ենք և պարոն նախագահին էլ ենք խնդրելու և պարոն նախագահն էլ է գտնում, որ պետք է այս հարցին տրվի լուծում ողջամիտ, հաշտ, համերաշխ ձևով: Սա ոչ մի բան չի տալու մեր ժողովրդին և մեր պետությանը, այլ ավելի թուլացնելու է»,- ասաց Աբրահամյանը: Նա Ազատության հրապարակից հեռացավ «Րաֆֆի նախագահ» վանկարկումների ներքո: Մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունը քննարկում է Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ գնալու և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու հարցը: Մեր տեղեկություններով, այդ այցը հնարավոր է կայանա այս երկու օրերի ընթացքում:

Ինչ վերաբերում է Աժ նախագահի այցին, ապա այն չի կարելի պատահական համարել: Երեկվա հանրահավաքի էներգետիկան չափազանց հզոր էր, հասարակության ամենատարբեր շերտերի մոբիլիզացիան էլ Ազատության հրապարակում օր օրի է թափ հավաքում: Ինքը՝ Աժ նախագահն իր այցի ժամանակագրությունը կապեց ԱԴ որոշման հետ՝ հայտարարելով, որ մինչ օրս չի այցելել Ր.Հովհաննիսյանին, քանի որ սպասում էր ՍԴ-ի որոշմանը, որ կայացվեց նախօրեին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս