Արմեն Մարտիրոսյան. Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը ոչ թե հացադուլ է, այլ ստադուլ, կեղծիքադուլ

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ նախորդ հանրահավաքից հասարակությունը տեղյակ է, որ պայքարի կարևոր հանգրվան է սկսել:

Վերջինս նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոստմանը համաձայն, որ որևէ քաղաքացու արյուն չի հեղվելու, պայքարի դժվարությունը վերցրեց իր վրա: Ըստ Մարտիրոսյանի՝ իրականում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը ոչ թե հացադուլ է, այլ ստադուլ, կեղծիքադուլ և սա է, նրա խոսքով, պայքարի վերջնական հաղթականին հասնելու վերջին հանգրվանը:

Մարտիրոսյանը նշեց, որ շատ քաղաքացիներ անհանգստությամբ են ընդունել հացադուլ հայտարարելու փաստը, ինչը գնահատեց նորմալ, բայց շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կամքը չի պակասելու, հակառակը՝ օր օրի ավելի է հզորանալու: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենց պայքարը բացառապես խաղաղ բնույթ է կրելու և որևէ մեկը չի փորձելու իրենց ձեռքից վերցնել այն:

Արմեն Մարտիրոսյանը կարևորեց նաև բանաստեղծ, հրապարակախոս, Վիոլետ Գրիգորյանի մեկօրյա հացադուլի քայլը, ինչպես նաև «Ա1+» լրատվական կայքի աջակցական նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին:

Արմեն Մարտիրոսյանը բոլոր մտահոգ քաղացիներին կոչ արեց միանալ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին, որն այսօրվանից մեկնարկել է:

Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք թեև որոշակիորեն սպասում էին ՍԴ երեկվա որոշմանը, բայց նշեց, որ դա շանս էր ՍԴ անդամների համար, որ ոչ թե մի խումբ մարդկանց շահը սպասարկեն, այլ՝ պետության, ժողովրդի շահը:

Տեսանյութեր

Լրահոս