19-ամյա երիտասարդը BMW-ով հայտնվել է Հրապարակի շատրվանների դիմաց (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 19-ամյա Տիգրան Մնացականյանը, վարելով «BMW 330 T» մակնիշի 15 TM 155 համարանիշի ավտոմեքենան, Հանրապետության հրապարակից դեպի Նալբանդյան փողոց բարձրանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց հատված, բախվել սանդուղքին և հայտնվել Հանրապետության հրապարակի շատրվանների դիմաց: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը BMW-ն վարել է մեծ արագությամբ և չի կարողացել կառավարել ավտոմեքենան, իսկ մի քանիսն էլ ասել են, թե ջուր է եղել նշված հատվածում, իսկ վարորդը մեծ արագությամբ սլանալու ժամանակ չի կարողացել շրջանցել գոյացած ջուրը, և տեղի է ունեցել վթարը: