Բիոզուգարանները չեն գործում. մամուլ
«2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տևական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Ավելին, դրանցից մեկը, որը գտնվում է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, անսարքություն ունի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը «Ժողովուրդին» տեղեկացրեց, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանն անսարքության պատճառով չի օգտագործվում: Չի օգտագործվում նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ դրված բիոգուգարանը: Եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ իր անունն ասել, «Ժողովուրդին» հետևյալը պատմեց.
«Զուգարանները տեդադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից: Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատեն, միացրած թողեցին ու գնացին»:
Այսպիսով՝ 300 հազար ԱՄՆ դոլար արժողություն ունեցող բիոզուգարանները, որ այդքան կարևորվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, չեն ծառայում իրենց նպատակին: Ի դեպ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 150 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար տվել»: