«Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է ավելի շատ ձայն հավաքել, թե՞ Անդրիաս Ղուկասյանը»

«Ինքն իրավունք չունի իրեն հռչակել նախագահ: Եթե մի բան կեղծված է, կեղծված են նաև իր թվերը: Ինքը պետք է խոսի միայն նոր ընտրությունների մասին, ոչ թե որոշի, որ ամսի 9-ին ինաուգուրացիայի արարողություն անի Ազատության հրապարակում: Դա անլուրջ է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է  ասել, որ Րաֆֆի Հովհաննիյանն ընտրվել է, Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց. «Դա Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն է, իմ խնդիրն է ասել, որ նա չի ընտրվել: Ոչ մեկը չի ընտրվել»: 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ էր ընդդիմությունը 2008թ-ին հայտարարում, թե Լևոն Տեր-Պետրոսյանն է ընտրվել, Գուրգեն Եղիազարյանը  պատասխանեց, թե նախորդ ընտրությունների ժամանակ քվեարկության օրը ընտրատեղամասերից Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց էին առևանգում, լցոնումներ էին արվում: «Իսկ հիմա ես չեմ կարող ասել, թե Անդրիաս Ղուկասյա՞նն է ավելի շատ ձայն տարել, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե խոսում ենք կեղծ ընտրությունների մասին»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք ծայրահեղական չէ այն մոտեցումը, երբ համեմատում եք ձայների հսկայական տարբերություն ունեցող թեկնածուներին, Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց. «Եթե մի մարդ պատմական փաստը (նկատի ունի 2008թ, մարտի 1-ը), կեղծում է, ես ինչո՞ւ պիտի հավատամ նրա մնացած ասածներին: Եթե այդ մարդը թույլ  է տալիս, որտեղ զոհեր կան, փաստերը կեղծի, դուք հասկանո՞ւմ եք, որ վաղը մյուս օրը իշխանության գլխին՝ ինչ հրեշ ենք ստանալու»:

Տեսանյութեր

Լրահոս