Ռուբեն Վարդանյանի առևանգման գործով պատրաստվում ենք դիմել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան

Ռուբեն Վրդանյանի դեպքում մենք գործ ունենք արտակարգ հանձնման հետ, ինչն անթույլատրելի է: Ապօրինի գործողություններով անձը հարկադրաբար բերվում է ադրբեջանական տարածքային իրավազորության ներքո, ու գործողություններ են իրականացվում այդ անձին ազատությունից զրկելու ուղղությամբ: 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առևանգման դեպքին:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից նրանք ադրբեջանական կողմից անազատության մեջ պահվող անձինք են: Բայց կարգավիճակային տեսանկյունից, ներպետական քրեաիրավական ընթացակարգերի մաս կազմելու դեպքում, նրանք կարող են համարվել անազատության մեջ գտնվող մեղադրյալներ: Ադրբեջանական տեսակետից նրանք «հանցագործներ» են, և այստեղ գործ ունեն կլասիկ առումով «հանցագործների» ձերբակալման կամ հանձնման գործիքների հետ: Իսկ մարդու իրավունքների տեսանկյունից, մենք ունենք անձինք, որոնք արարքներ չեն կատարել, սակայն պատժվում են բարեգործական և այլ նմանատիպ գործունեության համար»,- ասաց նա:

Բերձորի միջանցքի արգելափակումն այս առումով, ըստ փորձագետի, միջոց էր մի կողմից՝ ցեղասպանության համար հող ստեղծելու, մյուս կողմից՝ վերահսկողություն հաստատելու արցախանպաստ գործունեություն իրականացնողների նկատմամբ: Փորձագետի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմն իր առջև դրած երկու նպատակներին էլ հաջողացրեց հասնել, այն է՝ սովամահություն ու ավերածություն Արցախում: Արդյունքում էլ՝ արցախահայության հարկադրական հեռացում իր պատմական հայրենիքից:

Այս պարագայում, ադրբեջանական քաղաքականությունը չի սահմանափակվում՝ ուղեկցվելով ցուցադրական առևանգումներով ու ձերբակալություններով: Իսկ ադրբեջանական այս բեմականացումները, ըստ մեր զրուցակցի, նպատակ ունեն ահաբեկելու հայ հասարակությանն ու առավելություն ձեռք բերելու ադրբեջանական հասարակության շրջանում:

Կարդացեք նաև

«Ակնհայտ էր, որ իր բազմամյա ու նշանակալի գործունեության արդյունքում Ռուբեն Վարդանյանն արժանացել էր Ադրբեջանի ուշադրությանը: Այստեղ կարող եմ նաև հակադրություն անել, որ բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ադրբեջանական քաղաքականություն են վարել, ըստ էության, դավաճանելով սեփական հայրենիքին ու ազգին՝ ամբողջությամբ գտնվում են ադրբեջանական հովանավորության ներքո: Նրանք պատժի ու սպառնալիքների չեն ենթարկվում՝ անկախ նրանից, թե իրենց կյանքի ողջ ընթացքում ինչպիսի հանցագործություններ են կատարել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Այս ամենի համատեքստում, 168.am-ի զրուցակիցը տեսակետ հայտնեց, որ իրավական մեխանիզմները չարաշահվում են քաղաքական հետապնդումների համատեքստում: Այս առումով, միջազգային իրավունքի մասնագետը որևէ ձևով չի ապավինում ներպետական ընթացակարգերում անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությանը: Մասնագետը բացատրեց, որ այստեղ մենք գործ ունենք քաղաքական պատվերի վրա հիմնված գործընթացների հետ, իսկ այդ պայմաններում դատական համակարգը չի կարող անկախ որոշումներ կայացնել, հակված է սպասարկելու քաղաքական գործիչների թեզերին, ու, հետևաբար, անարդյունավետ է:

«Այս համատեքստում, արդյունավետ ճանապարհ եմ համարում միջազգային մեխանիզմները, ու առաջնահերթորեն պետք է գործընթացներ նախաձեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց նա:

Իսկ 44-օրյա Արցախյան պատերազմի մեկնարկից 3 տարի անց էլ, Սահակյանի խոսքով, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցով դրական տեղաշարժ չկա: Փորձագետը սա կապում է անմիջապես միջազգային հարթակներում ընթացող քաղաքական պրոցեսների հետ: Ըստ մեր զրուցակցի, արտաքին քաղաքական դաշտում առկա լարման ֆոնին, Ադրբեջանը հրաժարվում է կատարել մարդասիրական ժեստ ու ռազմագերիների խնդիրն օգտագործում է ճնշում գործադրելու նպատակով:

«Այս անձինք պահվում են՝ հայկական կողմին ավելի վերահսկելի դարձնելու նպատակով ու ստիպելու կատարել ստանձնած հանձնառությունները: Այս պահի դրությամբ, հաստատված տվյալներով, Ադրբեջանում 38 հայ ռազմագերի է շարունակում գտնվել: Այս թվի մեջ չենք ներառում Ռուբեն Վարդանյանին, քանի որ նրա դեպքը հատուկ քննարկման է արժանի: Իսկ Վագիֆ Խաչատրյանը ներառված է նրանց մեջ: Ինչ վերաբերում է գերեվարման նոր դեպքերին, ապա իրավիճակի խառնաշփոթությամբ պայմանավորված, փաստահավաք աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս պահին ամբողջական տեղեկություն չեն տալիս: Այդուհանդերձ, կարծում եմ, որ իրավապաշտպան կառույցները, որոշ ժամանակ անց, հստակ տեղեկություններ կներկայացնեն 2023 թվականի պատերազմի հետևանքով գերեվարված սպանված, խոշտանգված և տեղահանված անձանց վերաբերյալ»,- եզրափակեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախից Հայաստան ճանապարհին՝ Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հրապարակել էր նրա առևանգման պահին արված տեսանյութը:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս