Ի՞նչ էր անում Րաֆֆի Հովհաննիսյանը «Մարիոթում» մի քանի ժամ
«Ինչ էրէսով պտի գա, գա որ ասի էկեք էթանք էս երկիրն էլի քանդենք, էլի էս ժողովրդին տանի կրակի բերան, հլա թո գա ես էդ սաղ իրան պտի ասեմ»,- Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի այցին սպասող Ժորա պապն այդպես է դիմել Aravot.am-ին, երբ նրան հարցրել են, թե արդյոք նա սպասում է Հովհաննիսյանի այցին:
Նշենք, որ 2013 թվականի մարտի 10-ին Հրազդան քաղաքում հանրահավաք կազմակերպելու համար «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես իրազեկում էր ներկայացրել: Բայց, չգիտես ինչու, Րաֆֆի Հովհաննիսյանը Հրազդանում հանրահավաք չի անցկացրել: Հրազդանի կողքով անցնելով` Հովհաննիսյանը գնացել է Ծաղկաձոր ու շրջել Ծաղկաձորում` հիանալով Հայաստանի բնությամբ` տրվել ծաղկաձորյան վայելքներին: Նա այցելել է ճոպանուղի, բարևել հանգստացողներին, թեյել ճոպանուղու հարակից սրճարաններից մեկում, ապա այցելել «Մարիոթ» հյուրանոց, ճաշել ու շատ երկար ժամանակ անցկացրել այնտեղ:
Մինչդեռ նրան Հրազդանում սպասել են շուրջ երկու տասնյակի հասնող քաղաքացիներ ու դժգոհությամբ հեռացել քաղաքի հրապարակից: Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես ներկայացրած իր իրազեկումից հետ է կանգնել ու այդպես էլ Հրազդան չի գնացել: