Էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում՝ ԵՄ-ի հավանությամբ. «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության նամակը Շառլ Միշելին

«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնությունը նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ, նախաձեռնությունը հիասթափություն եւ ցավ է հայտնել, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ էթնիկ զտումների ակնհայտ միտումը կյանքի են կոչվում ԵՄ-ի լուռ հավանությամբ։

«Անշուշտ պետք է ասել, որ առաջնային պատասխանատվությունը կրում են ռուս խաղաղապահները, սակայն ԵՄ-ն ակնհայտորեն ուներ բավական լծակներ՝ կանխելու այս աղետը։ Մենք բարձր ենք գնահատել ձեր ջանքերը՝ որպես գլխավոր միջնորդ այս խիստ բարդ իրավիճակում: Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք հավատում էինք, որ այնպիսի քաղաքական միությունը, ինչպիսին ԵՄ-ն է եւ որը հավակնում է պաշտպանել մարդու իրավունքները, արդյունավետ միջոցներ կձեռնարկեր՝ Ադրբեջանին զսպելու համար․ գոնե թիրախային պատժամիջոցներ կկիրառեր», – ասված է նամակում։

Նախաձեռնությունը շեշտադրել է փաստը, որ բանակցությունները որեւէ լավ տեղ չեն տարել եւ Ադրբեջանին ավելի կառուցողական չեն դարձրել։ Նամակի հեղինակները վստահ են, որ ԵՄ ղեկավարությունը ոչ անգրագետ է, ոչ էլ միամիտ՝ չհասկանալու համար, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության քարոզչությունը և, այսպես կոչված, ադրբեջանական տիրապետության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության վերաինտեգրումը նշանակում է էթնիկ զտում և ցեղասպանություն։

Նամակի վերջում, Եվրոպական մեկ տասնյակից ավելի երկրների հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք ստորագրել են նամակը, ափսոսանք են հայտնել, որ հերթական անգամ աշխարհաքաղաքական հաշվարկները և մի քանի խորանարդ մետր գազը Ադրբեջանի պես ավտորիտար ռեժիմից, որն, ի դեպ, անուղղակիորեն ներառում է նաև ռուսական գազն ադրբեջանական խողովակաշարերով, գերադասվում են մարդու իրավունքներին և մարդկային կյանքին։

Նախաձեռնությունը Շառլ Միշելին հիշեցրել է, որ մարդու իրավունքներն ավելին են, քան գործիք, որն օգտագործվում է ըստ հարմարության կամ աշխարհաքաղաքական շահերի ամրապնդման համար։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը ստեղծվել է ամիսներ առաջ եվրոպական մի շարք երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների կողմից՝ արցախահայության ձայնը լսելի դարձնելու եւ նրանց ապրած անարդարությունների դեմ պայքարելու համար։

Լիլիթ Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս