Բաքուն հրաժարվում է միջազգային միջնորդությունից․ մանրամասներ Միշել-Ալիև հեռախոսազրույցից. «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանին մանրամասներ են հայտնի դարձել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հեռախոսազրույցից։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցում են, թե Միշելը խիստ հիասթափություն է հայտնել Ղարաբաղում ուժի կիրառման կապակցությամբ և վերստին ընդգծել «հրադադարի պահպանման և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության համար անհապաղ վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը»։
«Այն միջոցները, որ ձեռնարկել է Բաքուն, ուղղակի անընդունելի են։ Միջազգային մակարդակում, այդ թվում՝ Եվրամիությունում բացասական արձագանք կա», – փոխանցել է Միշելը Ալիևին, ընդգծելով, որ Բրյուսելում երեկ առավոտյան քննարկումներ են եղել Ադրբեջանի դեմ հնարավոր քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Մինչ այս պահը, սակայն, որևէ երկիր կամ կազմակերպություն չի հայտարարել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կամ սահմանափակումներ կիրառելու մասին։
«Այժմ կարևոր է կենտրոնանալ մարդասիրական վիճակի վրա․ Ադրբեջանը պետք է երաշխավորի, որ հայերը հարգվեն և Ադրբեջանում ապագա ունենան», – ըստ «Ազատության» աղբյուրի, ասել է Միշելը, նշելով, որ անվտանգությունն ապահովելու հարցում պետք է դեր ունենա նաև միջազգային համայնքը։
Ադրբեջանի նախագահը մինչդեռ պնդել է, թե Ղարաբաղի դեմ գործողությունն արդարացված էր, «սա Ադրբեջանի ներքին գործն է», և միջազգային միջնորդության կարիք ինքը չի տեսնում։
«Բաքուն այժմ կենտրոնացած է վերաինտեգրման վրա»,- ասել է Ալիևը, հավելելով, թե Ադրբեջանը հրաժարվում է միջազգային միջնորդությունից:
Կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես փոխանցում է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան, Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի դեմ ուժի ցանկացած գործադրում անընդունելի է, և ընդգծել՝ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը վերահաստատի հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ալիևը վստահեցրել է, թե Բաքուն հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը և տարածքային նկրտում չունի Հայաստանի հանդեպ։
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը մեղադրել է պաշտոնական Երևանին՝ դելիմիտացիայի գործընթացը ձգձգելու մեջ:
«Հայաստանն է, որ արգելափակում է առաջընթացը», – ասել է Ալիևը Միշելին, հավելելով, թե կողմերին աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանան արագորեն առաջ շարժվել։
Բրյուսելից բացի այս գործընթացին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել նաև պաշտոնական Մոսկվան։
Ի դեպ, Ալիևի հետ հեռախոսազրույցում Միշելը նշել է նաև Լեռնային Ղարաբաղի հայերի համաներման կարևորությունը, ինչպես նաև ընդգծել, որ պետք է պայմաններ ստեղծվեն նրանց անվտանգ, արժանապատիվ և կամավոր ելքի համար։ Ադրբեջանի ղեկավարը չի բացառել, որ Բաքուն կարող է «ներել նրանց, որ վայր են դրել զենքերը»:
Այս մասին Ալիևն առաջին անգամ խոսել էր անցած մայիսին՝ Ադրբեջանի Հանրապետության օրը: «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ պետական ատրիբուտները, լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին։ Նախագահը, նախարարները, պատգամավորները պետք է լքեն իրենց պաշտոնները և հանձնվեն։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին», – ասել էր Ալիևը ամիսներ առաջ։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ողջունել էր Ալիևի այս հայտարարությունը, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը՝ դատապարտել։ Երեկվա հեռախոսազրույցում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ըստ «Ազատության» աղբյուրների, կրկին օրակարգ է բերել հարցը։ Ալիևը խոստացել է՝ վերաինտեգրման շրջանակներում՝ Ադրբեջանի օրենքներն ընդունելու, զենքերը վայր դնելու դեպքում քննարկել համաներման հնարավորությունը։