«Բախտն ու երջանիկ կյանքը հաղթողի սեփականությունն են, իսկ ափսոսանքն ու տառապանքը՝ օգնություն խնդրողինը և տգետներին իշխանություն տվողինը». Տարոն Սիմոնյան

Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակը (պատմությունը) դաժան է ազգերի նկատմամբ, ովքեր չեն հասունանում և ստանձնում իրենց բաժին պատասխանատվությունը՝ ձևավորելով մտածող մարդկանց խավ (ընտրանի, էլիտա) և իրենց ճակատագրի գրիչը հանձնելով նրանց։

Հուսով եմ՝ գիտակցում ենք, որ բախտն ու երջանիկ կյանքը հաղթողի սեփականությունն են, իսկ ափսոսանքն ու տառապանքը՝ օգնություն խնդրողինը և տգետներին իշխանություն տվողինը։

Հուսով եմ՝ գիտակցում ենք, որ, չնայած այս ամենին, հիասթափվելու իրավունք չունենք։ Մեզ այդ իրավունքը չեն տվել ոչ մեր պապերը (անցյալը), ոչ էլ մեր զավակները (ապագան)։

Հուսով եմ՝ գիտակցում ենք, որ դեռ փորձություններն առջևում են, իսկ մենք հոգով տկարանալու, թևաթափ լինելու իրավունք չունենք։

Հուսով եմ՝ գիտակցում ենք, որ մենք անցողիկ ենք, մեր ընթացիկ հույզերը, կրքերը, ցանկությունները, ապրումներն ու կյանքը անցողիկ են, իսկ մեր առաքելությունը, մեր գործն ու ՀԱՅՔ-ը՝ մնայուն։

Հ․Գ․ Երանի նրանց, ում գիտակցությունն արդեն ձուլվել է իր առաքելությանը, որովհետև նա այսուհետ ազատ է ցանկացած կասկածից ու վախից, որովհետև նա ճանաչել է իրեն և իր պայքարը…»։

Տեսանյութեր

Լրահոս