Արարատ Միրզոյանը դեռ 2020թ. էր ազդարարել՝ վերջնանպատակը Երևանի հանձնումն է՝ ինքնիշխանության քաղցրահամ սոուսով
Արցախն ընկավ, ու փաստացի դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, քանի որ այն ծնունդ էր Արցախյան շարժման:
Արցախը չընկավ, չնայած սովին, զրկանքներին, ՀՀ գործող իշխանությունների դավաճանական գործելաոճին, արցախցին մինչ այս պահն էլ պայքարում է:
Արցախը հանձնեցին «թավիշի» կազմակերպիչները… Հանձնման սկիզբը՝ 2018թ. մարտի 31, Գյումրիի Վարդանանց հրապարակից:
Արցախը հանձնեցին մաս-մաս, մեծ մասը՝ 2020թ., հետո՝ գյուղ առ գյուղ, խրամատ առ խրամատ, դիրք առ դիրք:
Այսօր հանձնեցին ամբողջությամբ, ու հանձնողն ասաց՝ մենք հետևում ենք իրադարձություններին ու դրանք ընդունում ենք ի գիտություն: Հետևում են՝ ինչպես է ցեղասպանվում հայն իր բնօրրանում, ինչպես է բռնել գաղթի ճամփան:
Բայց մի բան անժխտելի է. այս իշխանությունն Արցախի հարցում իրենց մտադրությունները երբեք չի թաքցրել:
Պատերազմի ժամանակ, օրինակ, ներկայիս արտգործնախարար, այն ժամանակ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ, «Օմեգա» գործակալական մականունով Արարատ Միրզոյանը, ով հանձնողի՝ Նիկոլ Փաշինյանի մասին ասում էր՝ «չշշկռեք, մեր գերագույն գլխավոր հրամանատարն է», մի գրառում էր կատարել, որում գուժել էր իրենց գծած ապագան:
2020թ. հոկտեմբերի 15-ն էր:
«Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը… Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ»,- գրել էր Արարատ Միրզոյանը, ում համար հիմա բոլորովին այլ առաջնահերթություններ են կարևոր:
Հիմա էլ Արցախը հայրենիք չի, հիմա հանձնողի հետ ինքն էլ է հետևում:
Մի տեղակալ էլ ունի՝ Վահան Կոստանյան անունով, ով նույնպես ժամանակին անոնսել էր Արցախի հանձնումը դեռ 2019թ. հոկտեմբերի 1-ին:
Իբր գիտությամբ զբաղվելու նպատակով բանակ չգնալու համար պայքարող ու 2018թ. հեղաշրջումից հետո բարձր պաշտոններ զբաղեցնող ու այդպես էլ երբևէ գիտությամբ չզբաղված այս երիտասարդը հիմա համարում է, որ «Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության ներքո»:
Արարատ Միրզոյանի համար վաղուց Արցախը լոկ Ղարաբաղ է ու Ադրբեջանի տարածք, բայց արձանագրենք՝ սրանց ծրագրի վերջնանպատակը Երևանի հանձնումն է՝ ինքնիշխանության քաղցրահամ սոուսով: