ՀՀԿ-ին չի անհանգստացնում ընդդիմության միասնական ցուցակը
Անկախ այն հանգամանքից, թե ընդդիմությունն ինչ ձևաչափով կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, ՀՀԿ-ի ռազմավարությունը չի փոխվում: 168.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:
«Միասնական, թե առանձին հանդես կգան, կարծում եմ, որ դրանից որևէ փոփոխություն չի լինի մեր ծրագրերում: Մենք համոզված ենք, որ այսպիսի քաղաքական թիմով, այսպիսի ցուցակով՝ գործող քաղաքապետի գլխավորությամբ, ունենք շատ լուրջ հնարավորություններ՝ հասնել լուրջ հաջողության»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե միասնական ցուցակով մասնակցելու դեպքում ավելի դժվար չի՞ լինի ՀՀԿ-ի համար պայքարել ընդդիմության դեմ, նախընտրական շտաբի պետն ասաց, թե իրենք ոչ թե պայքարում են ինչ-որ մեկի դեմ, այլ իրականացնում են իրենց ծրագրերը: «Անկախ նրանից, թե նրանք ում դեմ են պայքարում, մենք պայքարում ենք հանուն քաղաքամայր Երևանի: Մենք չենք անհանգստանում, դա իրենց խնդիրն է՝ միասի՞ն գնալ, թե՞ առանձին: Մեր ռազմավարությունը չի փոխվելու»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Իսկ իր կարծիքով կլինի՞ արդյոք միասնական ցուցակ Հայ Հեղափոխական դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրես դաշինքի և «Ժառանգություն» կուսակցության միջև, թե՞ ոչ. սա Էդուարդ Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել՝ համարելով ոչ կոռեկտ. «Մենք կոռեկտ չենք համարում այլ քաղաքական ուժերի ներքին պրոցեսները մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: