ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Այս գործողություններն առավել վատթարացնում են արդեն իսկ խիստ ծանր հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և վտանգում են խաղաղության հեռանկարները։

Ինչպես նախկինում մենք հստակ մատնանշել ենք Ադրբեջանին, ուժի կիրառումը վեճերի լուծման համար անընդունելի է ու հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։

Մենք կոչ ենք անում անհապաղ վերջ տալ ռազմական գործողություններին և ձեռնամուխ լինել հարգալի երկխոսության Բաքվի ու Լեռնային Ղարաբաղի բնակիչների ներկայացուցիչների միջև»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս